Ալբիցիա լենքորանյանը (Մետաքսե ակացիա) Երևանի բարձր գեղազարդ ծառատեսակներից է, հիմնական առաքելությունը քաղաքը գեղեցկացնելն է:
Ուշ տերևաթափվող ծառ է, մինչև նոյեմբեր ամիսը կանաչ է: Առավել գեղեցիկ է հուլիս, օգոստոս ամիսներին, երբ բացվում են մետաքսանման վարդագույն ու սպիտակ ծաղիկները:
Ծառի անվանումը կապում են իտալացի նկարիչ Ֆիլիպպո դել Ալբիցիի անվան հետ: 18-րդ դարում հենց նա անհայտ ծառատեսակը Կոնստանդնուպոլսից տարավ Իտալիա: Վարդագույն ու սպիտակ անուշաբույր ծաղիկներով ծառը հիացրեց եվրոպացիներին: Նկարչի պատվին ծառատեսակը կոչեցին Ալբիցիա:
Ալբիցիան կամակոր ու պահանջկոտ ծառատեսակ չէ, հեշտ ընտելանում է տեղի կլիմային: Արագ է աճում, ապրում է 50-100 տարի: Բարձրությունը՝ 10-15 մ է: Գիշերը տերևներն իրար են մոտենում և փակվում: Իսկ օրվա ընթացքում հովանոցաձև փռված սաղարթը ստվեր է ապահովում: Լուսասեր է, ջերմասեր, բայց հայաստանյան ձմեռներին պատվով դիմակայում է (Երևանում կարելի է օգտագործել միայն քաղաքի հարավային մասում և կենտրոնում, անպայման քամուց պաշպանված տեղերում):
Ալբիցիան լայն տարածում ունի նաև Էջմիածնում, Մեղրիում, Նոյեմբերյանում և Իջևանում: