Ջերմոցատնկարանային վարչությունում Չինաստանից հյուր ունեինք։ Պեկինից ժամանած գործարար Լյու Յանգի 5-րդ այցն է Հայաստան, իսկ ՀՈԱԿ-ի «կանաչ տուն» առաջին անգամ էր այցելում։ Սիրել է Հայաստանն ու Երևանը։
-Այստեղ մարդիկ բարի են, շատ բարի։ Տաքսիներում, ռեստորաններում, փողոցում․․․ Անգամ չինական դեմքս, որ տեսնում են, միանգամից ժպտում ու սիրով դիմավորում են։ Ես շատ եմ սիրում ձեր երկիրն ու ինձ 50 տոկոսով հայ եմ համարում։ Ջուրն եմ սիրում, կապույտ երկինքն էլ եմ սիրում, դեղին արևն էլ, օրգանիկ մրգերի համն էլ,- պատմում է Լյու Յանգը։
Յանգին «կանաչ տնտեսություն» բերել էր հյուրընկալողը՝ Պարույր Սինյավսկին, որը ծանոթ է ՀՈԱԿ-ի գործունեությանը։ Առաջարկել էր այցելել «կանաչների ծննդատուն» ու ծանոթանալ տեղի բույսերին։ Եկան, հիացան, համեմատեցին Չինաստանում հանդիպող բույսերի հետ, զարմացան ծառաթփատեսակների առատությունից։
Կանաչ էքսկուրսիան անցկացրին ՀՈԱԿ-ի զարգացման գծով փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանն ու ջերմոցատնկարանային վարչության պետ Արթուր Խալաթյանը։ Պատմեցին մեր կլիմայական գոտու առանձնահատկությունների, ծառերի ու թփերի աճեցման, ջրելու եղանակի մասին։
Փոխտնօրենը պատմեց նաև, որ տնտեսությանը կից պատրաստվում են դենդրոպարկ հիմնել։ Դա ապագայում։ Իսկ այսօր կարելի է հաճելի հանդիպումն օգտակար ձևով ավարտել ու մի ծառ տնկել։ Օրինակ՝ սոսի։
-Հետխորհրդային միության տարածքում ամենատարեց սոսին գտնվում է Արցախում և 2030 տարեկան է, – պատմեց փոխտնօրենն ու ամուր բռնեց տնկվող ծառի ցողունը։
Փակ արմատային համակարգով լավ խնամված սոսին տնկեցին, հավատով, որ 2030 տարի հետո էլ կմոտենան այս հսկային ու կասեն, որ այն տնկել են հայ-չինական լավ հարաբերությունների վերաահաստատման պատվին։