Արոսենին (sorbus, հայերեն նաև՝ սնձնի, սին) Հայաստանում աճող ամենացրտադիմացկուն ծառատեսակների թոփ տասնյակում է:
Դիմանում է ցրտին, շոգին, նույնիսկ երաշտին: Կլիմայական բոլոր պայմաններին հեշտ ընտելանալու հատկության շնորհիվ աճում է ամենուր՝ քաղաքում, ժայռոտ, քարքարոտ վայրերում, անտառներում, թփուտներում:
Հայաստանում արոսենու 10 տեսակ կա:
Ծառի բարձրությունը միջինում 15 մ է: Ծաղկում է մայիս ամսին, սղոցաեզր տերևներ ունի: Պտուղները փոքր խնձորներ են հիշեցնում, լինում են դեղին, կարմիր, նարնջագույն: Դրանք թռչունների սիրելի ուտեստներից են, մանավանդ ցուրտ եղանակին, երբ սննդի պաշարը քիչ է: Այդ պատճառով էլ արոսենին ժողովուրդն անվանում է նաև «թռչնի խնձոր»: Պտուղը դառնահամ է:
Հին ժամանակներում արոսենին մոգական ծառ է համարվել: Դրա պտուղներից պատրաստված թուրմը մարդիկ օգտագործել են հոդացավերն ու երիկամների ցավերը մեղմելու համար:
Ավելի ուշ գիտությունը պարզեց, որ արոսենու պտուղները պարունակում են ֆրուկտոզա, կարոտին, եթերայուղեր ու վիտամիններ: Այսօր էլ դրանք կիրառվում են բժշկության մեջ: Արոսենու պտուղներից պատրաստված դեղամիջոցներով բուժում են արտրիտ, միզուղիների բորբոքում և աղերի կուտակում: