«ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի ջերմոցատնկարանային բաժնում կարող եք ծանոթանալ ոչ միայն մեր մասնագետների կատարած բացառիկ աշխատանքներին, այլև նրանց նախասիրության պտուղներին: Ջերմոցատնկարանային վարչության բաց գրունտի բաժնի պետ Մամիկոն Սիմոնյանը բույսերի կոլեկցիոներ է: Ամենասիրելիները ասեղնատերևավորներն են:
Խառը հավաքածու է, ինչ ասես կա՝ արծաթափայլ, եվրոպական, արևելյան եղևնիներ, հիմալայան մայրի, նոճի, մագլցող գիհի, կազակական գիհի, ղրիմյան, էլդարյան, կովկասյան սոճի,- հպարտանում է Մամիկոնը:
Նա ասեղնատերևավորները համեմատում է կայուն բնավորությամբ մարդկանց հետ: Ամառ-ձմեռ, երբ մյուս ծառերը մերկանում են, ասեղնատերևավորները հպարտությամբ շարունակում են կրել իրենց կանաչ «զգեստն» ու փայլում թե՛ քաղաքում, թե՛ անտառներում:
Մամիկոնը կարծում է, որ մեր քաղաքին ու ամբողջ երկրին հենց մշտադալարներն են պակասում: Որոշները դժվար են դեռևս հարմարվում Հայաստանի կլիմային, օրինակ՝ էլդարյան սոճին, հիմալայան մայրին: Բայց կարծրատիպերը կոտրողներ կան: Օրինակ՝ Անդրանիկը, որի մասին մենք արդեն պատմել ենք: Իր մոտ Էլդարյան սոճիներն ավելի փարթամ ու բարձրահասակ են, քան որոշ այգեպանների պտղատու ծառերը:
Գուցե շուտ են փորձել հարմարեցնել էլդարյան սոճին, երբ երևանյան ձմեռներն ավելի խիստ էին: Հիմա կլիման ավելի մեղմ է դարձել: Դա նշանակում է, որ մինչև 40 տարի առաջ այստեղ լավ աճ չապահոված ծառերն, օրինակ՝ ասեղնատերևավորները, արդեն կարող են հարմարվել տեղի կլիմային: Անտառագետներն անելիք շատ ունեն, պետք է նոր ծառերի մասին մտածեն: Առջևում էլ գլոբալ տաքացումն է….
Մամիկոնն իր նման մտածող մի քանի ընկեր գտավ: Հենց համացանցում: Պատահաբար ֆեյսբուքյան լրահոսում հայտնվեցին ապագա ընկերոջ տեղադրած լուսանկարները, որում նրա աճեցրած սերմնաբուսակներն էին: Տեսավ ու հասկացավ, որ ուզում է շփվել դրանց տիրոջ հետ: Հետո շփվեցին, հետո ընկերացան, հիմա արդեն համախոհներ են: Ուզում են իրենց հավաքածուներով դենդրոպարկի հիմք դնել, ինչպես ժամանակին արել է Ստեփանավանի դենդրոպարկի հիմնադիր Էդմոնդ Լեոնովիչը։ Նրա անձնական հավաքածուի շնորհիվ է այն ստեղծվել:
Տեսեք, մինչև 1930-ական թվականները քանի անտառ է հիմնվել: Դե պատկերացրեք ժամանակահատվածը՝ գաղթ, սով, համաճարակ, տնտեսության սարսափելի վիճակ․․․ Եթե այդ ժամանակ կարողացել են անտառներ հիմնել, հիմա էլ կարող ենք: Ու պետք է անենք: Մեզ բնություն է պետք:
Ասում է, որ չի խանդում լավ կոլեկցիոներներին: Օրինակ՝ Լեոնովիչին, Անդրանիկին կամ իջևանցի Մեխակին: Այս կոլեկցիոներները փորձով կիսվել գիտեն: Բնության օգուտը բոլորինս է, պետք է փորձով փոխանակվել: