Բուլղարացիներն այս բուսատեսակն անվանում են համառիկ, գերմանացիները՝ զանգակ, անգլիացիները՝ ձնե ականջօղ։
Բայց ամենուր այն նոր կյանքի ու նոր սկզբի խորհրդանիշ է։
Հին Հունաստանում մարդիկ հավատում էին, որ ձնծաղիկը մոգական ուժ ունի, կարող է մարդկանց պաշտպանել չար աչքից ու անեծքից։ Այդ պատճառով բոլորն իրենց տների մերձակայքում ձնծաղիկ էին տնկում։
Նույնիսկ Հոմերոսն իր «Ոդիսականում» պատմում էր՝ ինչպես են ձնծաղիկները Ոդիսևսին պաշտպանել չար աստվածներից։

Ի դեպ, ձնծաղիկն արվեստում ամենահաճախ հանդիպող բուսատեսակն է։ Դրան նվիրված են երգեր, բանաստեղծություններ, նույնիսկ հեքիաթներ։
Գոյություն ունի ձնծաղիկի մոտ 20 տեսակ։ Այն տարածված է Փոքր Ասիայում, Եվրոպայում, ամենաշատը՝ Կովկասում։ Աճում է լեռնային գոտիներում, անտառներում, մարգագետիններում։
Ձնծաղիկը կաթի մեծ կաթիլ է հիշեցնում, արտաքինից շատ նուրբ է, բայց բնավորությամբ՝ տոկուն։ Կարող է դիմակայել -10 աստիճան ցրտին։

Ցուրտ եղանակին ծաղիկը սառցակալում է, բայց չի մահանում։ Արևային լոգանքից հետո այն շատ արագ վերակենդանանում է։ Ձնծաղիկին ուժ են տալիս սոխուկի մեջ պահվող նյութերը։ Ծաղկի համար դրանք սննդանյութ են, իսկ մարդկանց և վնասատուների համար՝ թույն։ Դա է պատճառը, որ կրծողներն ու միջատները ձնծաղիկ համտեսել չեն սիրում։
Բույսի ամենամեծ թշնամին մարդն է։ Ծաղկաքաղի ճիշտ հմտություններ չունեցող մարդիկ ձնծաղիկներն անխնա պոկում են հողից՝ հանելով սոխուկը։ Այդ դեպքում բույսն այլևս չի բազմանում։

Ձնծաղիկի մի շարք տեսակներ ոչնչացման եզրին են։
ՀՀ Կարմիր գրքում գրանցված են Անդրկովկասյանն ու Ալպիական ձնծաղիկները, որոնք լինում են 15-20 սմ մեծության։ Ճերմակ գեղեցկուհիներին կարելի է հանդիպել Հայաստանի հյուսիսային և հարավային գոտիներում։