Աշխարհի ամենատարածված ծառատեսակն է: Մշտադալար ասեղնատերև գեղեցկուհին ունի մոտ 100 տեսակ:
Լատիներեն pinus նշանակում է ժայռ։ Սոճին կարող է արմատակալել նույնիսկ զառիթափ լանջերի, ժայռերի և քարերի վրա։ Այն աճում է նաև ճահճուտներում։
ՀՀ հյուսիսային շրջաններում աճում է սոճու՝ Կոխի տեսակը։ Դենդրոպարկերում, բուսաբանական այգիներում և մայրաքաղաքում տարածված է 13 տեսակ՝ Ղրիմյան, Բանքսի, սովորական, դեղին և այլն։
Լուսասեր բուսատեսակ է, ունի կոնաձև կամ հովանոցաձև բարձր սաղարթ, որը երբեմն գետնից է սկսվում։ Երկարակյաց է, ապրում է մոտ 600 տարի։ Սոճին ծաղկում է գարնան վերջում, բայց ծաղիկների փոխարեն ծառը զարդարում են դեղնա-դարչնագույն մինչև 15 սմ-անոց կոները։

Սոճին օդի հզոր սանիտար է։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սոճուտի տարածքում անհամեմատ ավելի քիչ մանրէ կա, քան դրանից դուրս։
Ի դեպ, հակատուբերկուլյոզային առողջարանները հիմնականում կառուցվում են սուճուտներին մոտ տարածքներում։

Սոճու կեղևը, ասեղներն ու խեժը բուժիչ հատկություններ ունեն։ Սոճուտում զբոսնելը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը և կանխարգելում շնչառական վարակների ներթափանցումն օրգանիզմ։
Եթե անտառում զբոսնելիս վնասվածք ստանաք, սպեղանի փնտրելու փոխարեն վերքի վրա սոճու խեժ քսեք։ Այն հակաբակտերիալ միջոց է։ Բացի այդ, սոճու կեղևից ու ասեղներից եթերայուղեր են ստանում, որոնք լայնորեն օգտագործվում են մաշկի և վարսերի խնամքի միջոցներում։
Վերջում ամենահետաքրքիրը, սաթ քարը հենց սոճու քարացած խեժն է։