Քաղաքի ոճը, գույնն ու ներկայանալի տեսքն ապահովում է ՀՈԱԿ-ի ջերմոցատնկարանային վարչությունում ծնված-մեծացած բույսերի մեծ մասը։
Աշնանային տունկի համար դրանցից շատերը ջերմոցից ուղիղ երթուղով կհասնեն քաղաք ու կզարդարեն այն։ Այս տարվա «հերոսներն» են կեյլերթերիա հուրանավորը, կարմրան հնգառէջը, հիբիսկուսը կամ սիրիական վարդը, ռեմոնտանտ վարդը, սոսին, կազակական ու վիրգինյան գիհիները․ մոտ 12 ծառաթփատեսակ, որոնք կտրոններից կամ սերմերից սկսած աճեցվել են տնտեսությունում։
Միայն կազակական գիհին է «օտարաբնակ»։ Դրանք ձեռք են բերվել մատակարարներից, բաց գրունտում հարմարեցվել մեր կլիմային, հիմա արդեն պատրաստ են տեղափոխվելու քաղաք։
Կպչողականությունը բարձր է։ Փակ արմատային համակարգով բույսերը նույնիսկ սառած հողում կարելի է տնկել, իսկ բաց արմատով բույսերի տունկը կարող է արվել մինչև հողի սառելը։
Տնկելուց հետո բույսերը մեկ անգամ էլ կջրվեն ու արդեն կձմեռեն քաղաքում։ Գարնանը կսպասենք մոնիտորինգին՝ աշխատու՞մ են, թե՞ ոչ։ Բույսերը հասնում են քաղաք լիարժեք առողջ վիճակում, չորանալու միակ պատճառն արտաքին գործոնը կարող է լինել՝ մարդկանց ու կենդանիների վատ վերաբերմունքը։