ՀՈԱԿ–ի ջերմոցատնկարանային տնտեսության կողքով անցնեք, ականջ դրեք, եթե տարածքից Լեոնարդ Քոհեն լսվի կամ Շառլ Ազնավուր, ուրեմն Գեղամ Իսրայելյանը գործի է անցել։
Մեկ տարի առաջ այսօրվա քարապարտեզի տեղում ցախանոց էր։ Գեղամը հիացած բնության նրբաճաշակությամբ որոշեց՝ ցախանոցը պետք է փոխարինվի քարապարտեզով։ Ու սկսեց ճապոնական արվեստի գեղեցիկ նմուշ ստեղծել։ Համադրեց բույսերը, քարերը, հետագայում նաև քանդակները։

Քարապարտեզի առանձնահատկություններից է ընդհանուր ոռոգումը։
Բույսերը պետք է այնպես համադրվեն, որ մեկը շատ ջրասեր չլինի, մյուսը՝ քիչ։ Պետք է իրար հետ կարողանան ընդհանուր ոռոգմամբ «կշտանալ» ու շարունակել «լավ հարևաններ» լինել։ Ընտրվեցին կազակական գիհի, թույա, մոխրածաղիկ, գացանիա, խորդենի, թավշածաղիկ, քրիզանթեմ, կծոխուր թունբերգի, թանթռնիկ, լացող թթենի, նարդոս, իլենի խայտաբղետ բույսերը։Քարապարտեզը դարձավ բաց գրունտի մասնագետ Գեղամի երևակայության ու ջանքերի պտուղը։ Այսօր այն զարդարում է տարածքն ու ամենաքմահաճ աչքն էլ շոյում է։

Ըստ Զեն-բուդդիզմի, քարապարտեզը խորհրդանշում է օվկիանոս, իսկ քարերը կղզիներն են։ Դրանք հարմարեցվում են տան ինտերիերին ու թելադրվում են տան ինտերիերով։ Հարմար են մեդտացիայի համար։ Տնտեսությունում աշխատանքը շատ է, այստեղ մեդիտացիա կարող են իրենց թույլ տալ միայն բույսերը։ Դե, Գեղամի ընտրած երաժշտությունն էլ ապահովում է բույսերի գեղեցիկ աճն ու մեդիտացիան։
Վերևից նայելու դեպքում էլ քարապարտեզը շատ նման է Մեծ Հայքի քարտեզին։