Շրթնածաղիկների ընտանիքի բազմամյա բույս է, որը մեր պայմաններում մշակվում է որպես միամյա: Բաց գրունտի պայմաններում ձմռանը ցրտահարվում է: Թեպետ հայրենիքը Բրազիլիան է, բայց այլ պետություններում էլ այս ծաղկի նկատմամբ անտարբեր չեն եղել:
Նախ՝ բուժական հատկությունների մասին․«Salvare», «salvus» լատիներեն բառերը նշանակում են փրկել և լինել առողջ: Բույսն անփոխարինելի է դեղագործության մեջ:
Բույսի բուժական հատկությունները դարեր առաջ արդեն հայտնի էին: Հին Չինաստանում համաճարակների ու պատերազմների հաղթահարումից հետո՝ արագ վերականգնվելու համար, հոգևորականները ժողովրդին բաժանում էին եղեսպակի թուփ, կանանց ստիպում էին խմել եղեսպակի թուրմ և դրանով համեմել կերակուրները:
Եգիպտացիներն այս բույսը համարում էին կյանքը երկարացնելու խորհրդանշան ու բոլոր թուրմերը դրանով պատրաստում:
Հույները կարծում էին, որ եղեսպակով հնարավոր է լավացնել հիշողությունը:
Հին Հռոմում անպտուղ զույգերը հույսը դնում էին եղեսպակի թուրմի վրա: Դրանից հետո ծնվում էին առողջ երեխաներ:
Միջնադարում եղեսպակին նույնիսկ երգ են ձոնել, որում կային այսպիսի տողեր. «ինչո՞ւ է մարդը մեռնում, եթե նրա այգիներում եղեսպակ է աճում»:
Հայաստանում տարածված են եղեսպակի բազմաթիվ տեսակներ, որոնք լայն կիրառում են գտել ժողովրդական բժշկության բնագավառում: Դրանք օգտագործվում են ողողումների համար, ուռուցքների, թարախապալարների բուժման նպատակով, որպես արնահոսությունը դադարեցնող միջոց և այլն:
Եղեսպակի տեսակները տարբեր նախասիրություններ ունեն: Մի տեսակն արև է սիրում, մյուսը՝ ստվեր, երրորդը՝ կիսաստվեր, մեկը երաշտադիմացկուն է, մյուսները սիրում են խոնավություն և այլն:
Փայլուն եղեսպակի բարձրությունը հասնում է 20-60 սմ-ի: Ծաղիկները կրակակարմիր են, որոնք հավաքված են 14-20 սմ երկարությամբ ողկույզանման ծաղկաբույլերում: Ջերմասեր է և լուսասեր: Գերադասում է փուխր, սննդանյութերով հարուստ, կրային հողը: Ծաղկումը սկսվում է ցանքից 100-120 օր հետո և շարունակվում է մինչև առաջին սառնամանիքները:
Սերմերը ցանում են ջերմոցներում՝ փետրվար-մարտ ամիսներին, արկղերում: Ծիլերը վերատնկում են տորֆահումուսային թաղարներում: Սածիլների լավ աճման ու զարգացման համար անհրաժեշտ է լույս և թարմ օդ: Երբ անցնում է ուշ գարնանային ցրտահարությունների վտանգը, խորհուրդ է տրվում բույսերը դաշտ տեղափոխել:
Օգտագործվում են ծաղկադեկորատիվ բոլոր տիպի ձևավորումներում: Փայլուն եղեսպակի կտրած ծաղիկները պիտանի են նաև գեղեցիկ ծաղկեփնջեր և ծաղկային կոմպոզիցիաներ ստեղծելու համար: