Հուդայածառը (Cercis) գարնանը՝ ծաղկած ժամանակ, մանուշակագույն փարթամ ծաղկեփունջ է հիշեցնում, տարածում է կարամելի քաղցր բույր, ունի սրտաձև տերևներ:
Արճվան, ցերցիս, աշխարհում այն ավելի հայտնի է հուդայածառ անունով: Մեկ այլ տարբերակ էլ կա՝ ծառ Հուդայի երկրից:
Աստվածաշնչյան պատումի համաձայն՝ Հուդան, Հիսուսին մատնելուց հետո, հենց այս ծառի ճյուղից է կախվել:
Հուդայածառը գեղազարդ ծառ է, հիմնական առաքելությունը բաց տարածքները սեփական ներկայությամբ գունավորելն ու գեղեցկացնելն է:
Երևանում հուդայածառեր կարող ենք տեսնել Կոմիտասի անվան զբոսայգում, ԱԺ այգում, «Հերացի» և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների բակային տարածքներում, մետրոյի «Երիտասարդական» կայարանի շրջակայքում։ Ամենահայտնին Մաշտոցի պողոտայի վրա է։
Գեղեցկուհին կամակոր է։ Աճում է միայն բերրի հողում, խոնավասեր է: Կայուն է քաղաքային միջավայրում։ Արևի ուժեղ ճառագայթներից հուդայածառի կեղևն ու տերևներն այրվածքներ են ստանում, այդ պատճառով էլ ծառը տնկվում է քամուց պաշտպանված, զով տարածքներում: Աճում է տարեկան մոտ 1.5 մետր, ծառի ընդհանուր բարձրությունը 7-10 մետրը չի գերազանցում: Ծաղիկները բացվում են բույսի բնի և բազմամյա ճյուղերի վրա։
Ծառի գրիֆիթի տեսակը գրանցված է Կարմիր գրքում, Հայաստանում կա միայն Մեղրիում:
Բացօթյա տարածքները զարդարելուց բացի հուդայածառն այլ գործառույթներ էլ ունի․
ծառի բողբոջներից կծու համեմունք են պատրաստում,
անկենսունակ ծառերի բնափայտն օգտագործվում է ատաղձագործության մեջ, դրանից նաև կարմիր ու շագանակագույն գունանյութ են ստանում,
ծառի կեղևի փոշին հակաբորբոքիչ և վերքամոքիչ հատկություն ունի։