Հին ժամանակներում մարդիկ այս խոտաբույսն անվանում էին «վհուկների մանուշակ»։ Չար ուժ ունեցողներին բացահայտելու համար մարդիկ տաք յուղով լի թավայի մեջ կուսածաղկի տերև էին գցում և մոտեցնում կասկածյալին։ Եթե տերևը յուղի հետ թավայից դուրս էր թռչում, մարդուն կոչում էին «վհուկ» և այրում խարույկի վրա։
Չար ուժերին վանելու համար մարդիկ այս բուսատեսակն աճեցնում էին իրենց տների մերձակայքում, թերթիկները պահում էին գրպանում, իսկ ծաղիկները` նվիրում միմյանց։
Կուսածաղիկը ֆրանսիացի գրող Ժան Ժակ Ռուսոյի ամենասիրելի բուսատեսակն էր։ Նա իր սիրելիին՝ Լուիզային, միշտ կուսածաղկի փնջեր էր նվիրում։ Այսօր կապուտաչյա գեղեցկուհին Ժնևում զարդարում է Ռուսոյի հուշարձանի տարածքը։
Կուսածաղկի հայրենիքը Եվրոպան է և Փոքր Ասիան։ Մշտադալար, սողացող, բազմամյա խոտաբույս է։ Ստվերասեր է, խոնավասեր։ Ծաղկելուց հետո կուսածաղիկը սերմ չի տալիս, այստեղից էլ ստացել է իր անվանումը։ Բույսը բազմացնելու համար հարկավոր է թուփը բաժանել և վերատնկել։ Ի դեպ, Հայկական ֆլորայում հանդիպում է կուսածաղկի խոտային տեսակը (vinca herbacea)։ Վայրի վիճակում աճում է Հայաստանի նախալեռնային լեռնային և գոտիներում։
Կուսածաղիկը գեղազարդ բույս է։ Դրա ընձյուղները սողալով տարածվում են հողի վրա, արմատակալում, թփակալում և ճոխ կապտականաչ գորգ հյուսում։ Ծաղկում է ապրիլ–մայիս ամիսներին՝ 30 օր։
Երևանում կուսածաղիկը հանդիպում էր միայն Բուսաբանական այգու հայկական ֆլորայի բաժնում։ Այսօր արդեն ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ բույսը բազմացվում է տնկարանում։
2021 թ-ին Երևանի փողոցներում գեղեցիկ ծաղկային գորգեր կհայտնվեն․․․