Փոխըմբռնման հուշագիր
Որքան շատ մարդ սկսի տեսակավորել թափոնները, այնքան քիչ աղբ կունենանք։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի և «Էկո աղբ» բնապահպանական ՀԿ-ի գործակցությունն այսօր ամրագրվեց փոխըմբռնման հուշագրի ստորագրումով։
Գործակցության նպատակն է քաղաքացիների էկովարքագծի ձևավորումը և թափոնների տեսակավորման արդյունավետության բարձրացումը, որի համար կլինի
- թափոնների կառավարման ոլորտում փորձի փոխանակում,
- շրջակա միջավայրի պահպանությանը միտված ծրագրերի իրականացում,
- տեղեկատվական և հանրային իրազեկման արշավների կազմակերպում:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արա Աղայանի խոսքով քաղաքացիական հասարակության հետ գործակցությունը կարևորագույն քայլերից է։
«Հասարակական կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքը կօգնի բարձրացնել քաղաքացիների իրազեկվածության աստիճանը, արդյունավետ գործել և ձևավորել ավելի մաքուր միջավայր։ Իսկ «Էկո աղբ» ՀԿ-ն այս գործում ունի մեծ փորձ և լավագույնս է պատկերացնում, թե ինչպես և ինչից է պետք սկսել իրազեկման արշավը»։ «Էկո աղբ» ՀԿ-ն նույնպես պատրաստակամ է և համոզված, որ պետական կառույցների հետ համատեղ ծրագրերը միայն կօգնեն նպաստել էկովարքագծի փոփոխությանը։ Կազմակերպության ղեկավար Հռիփսիմե Մկրտչյանի փորձառությունն այս ոլորտում հուշում է, որ հանրային իրազեկումը պետք է սկսել կրթական ծրագրերից։
«Երեխաներն ամենալավն են կարողանում ազդել ընտանիքի բոլոր անդամների վրա, և եթե ուզում ենք, որ մարդիկ աղբը սկսեն տեսակավորել տանը, պետք է երեխային սովորեցնենք՝ ինչպես անել դա»։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի և «Էկո աղբ» ՀԿ-ի համատեղ ուժերով կմշակվեն կրթական նյութեր, կիրականացվեն իրազեկման ակցիաներ՝ մրցույթներ, շաբաթօրյակներ, մանկավարժների վերապատրաստումներ։