Ֆանտաստիկ պատմություն ունեցող ծաղիկ է քրիզանթեմը։ Առաջին հիշատակությունները հասնում են Ք․Ա․ 551 թվական, ծագման երկիր Չինաստան։ Բնօրրանում հազարատեսակ բույս է կոչվում՝ տեսակների բազմազանությամբ պայմանավորված։ Այսօր չինական մշակույթի չորս ազնվական բույսերից մեկն է՝ սալորի ծաղիկների, խոլորձների և բամբուկի հետ միասին։ Աշունը խորհրդանշող այս ծաղիկը եղանակի թագուհին է համարվում։
Քրիզանթեմը Չինաստանից մեկնեց Ճապոնիա ու դարձավ այս պետության ամենակարևոր խորհրդանշանը։ Հայտնվեց Ճապոնիայի կայսերական կնիքին, հետո՝ զինանշանին, թողարկվող մետաղադրամներին պատկերվեց։ Ճապոնիայի ամենաբարձր պարգևը կոչվում է «Քրիզանթեմի շքանշան»։ Ծագող արևի երկրի բնակիչներն այն նմանեցրել էին արևին, սկսել կյանքի ու լույսի հետ համեմատել։ Այն խորհրդանշում է ազնվություն, արդարություն, կյանք, ծնունդ․․․․Քրիզանթեմը սպիտակ հատիմակիի հետ դարձավ 20–րդ դարի ճապոնացի մահապարտ օդաչուների խորհդանշանը։
17–րդ դարում բույսը հասավ Եվրոպա ու դարձավ մահվան խորհրդանշան։ Շատ երկրներում բույսը գերակայում է հոգեհանգստյան արարողությունների ծաղկային կոմպոզիցիաներում։
Այսպիսի պատմություն ունեցող ծաղիկը բացարձակ քմահաճ չէ։ Նույնիսկ անփորձ այգեգործը կարող է առողջ քրիզանթեմներ մշակել։
Աստղածաղկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա ծաղկաբույսի բարձրությունը 50-80 սմ է։ Տերևները խոշոր են, փոսիկաբլթակավոր։ Ծաղիկները նույնպես խոշոր են, բազմերանգ։ Լիաթերթիկ են, բացվում են օգոստոսի երկրորդ կեսից մինչև նոյեմբերի կեսերը։
Բազմանում են կտրոնների միջոցով։ Առողջ, կենսունակ կտրոններ ստանալու համար անհրաժեշտ է ընտրել սորտային մայրակներ։
Կտրոնավորումն սկսում են հունվարի վերջից և ավարտում ապրիլի կեսերին։ Յուրաքանչյուր բույսից վերցնում են 15-20 կտրոն։ Արմատակալած կտրոնները տնկում են 7-9 սմ տրամագծով թաղարներում՝ խնամելով 10-12 աստիճան ջերմության պայմաններում։ Ապրիլի սկզբից արմատակալած բույսերը տեղափոխում են ջերմոցներ և աստիճանաբար կոփում բաց գրունտ տեղափոխելու համար։ Մշտական տեղում տնկում են մայիսի սկզբին 40–70 սմ հեռավորության վրա։
Այս բույսն օգտագործվում է և՛ բժշկության, և՛ գինեգործության մեջ։ Հայաստանում, սակայն, հիմնականում օգտագործվում է ծաղկային կոմպոզիցիաներում։