1 Դեկտեմբերի, 2023

    Լորենի( Tilia)

Խոշոր ծառեր են, հասնում են մինչեւ 40 մետր բարձրության, հսկա, խիտ, գեղեցիկ սաղարթով՝ մինչեւ 12 մետր տրամագծով։ Համարվում է ամենագեղեցիկ ծառերից մեկը։ Ծաղկման շրջանում ծաղիկներն արձակում են անմոռանալի բուրմունք։ Հայրենիքը Կովկասն է, Միջին եւ Հարավային Եվրոպան, մասամբ՝ Ղրիմը։ Հանդիպում է ամենուրեք՝ անտառներում, տարածված է նաեւ Հայաստանի անտառներում, լայնորեն օգտագործվում է կանաչապատման մեջ։ Ցավոք, ելնելով լորենու էկոլոգիական առանձնահատկություններից Երեւանում , լայնորեն օգտագործելը խնդրահարույց է։  Բայց երկար տարիներ լորենին արդեն իսկ աճում է Երեւանի այգիներում եւ պուրակներում՝ տալով բավարար աճ, եւ կշարունակվի այդ տեսակի օգտագործումը նույն նպատակի համար՝ հատակպես քաղաքի բարձրադիր մասերում։ Լորենին արտակարգ մեղրատու է, որի շնորհիվ էլ ստացել է անունը՝ Tilia, ինչը հունարենից նշանակում է ծառ, որով գայթակղվում են մեղուները։ Ունենալով յուրահատուկ գեղեցկություն եւ խուզվելու ունակություն՝ միշտ օգտագործվել է թագավորական այգիներում։ Այդ առումով ժողովրդն այն անվանել է ազնվական ծառ։

Որպես բուժիչ հատկությամբ ծառ՝ օգտակար է թոքերի, երիկամների, սրտի հիվանդությունների ժամանակ։ Բնափայտը փափուկ է, ինչի շնորհիվ շատ հեշտ մշակվում եւ օգտագործվում է  կոշկակարության մեջ՝ որպես կաղապար պատրաստելու հումք։ Կիրառվում է նաեւ կահույքագործության եւ զարդանախշեր պատրաստելու գործում, ինչպես նաեւ՝ շինարարության մեջ։ Լորենու փայտի վրա փորագրված նախշերը զարդարում են Վինդզորյան պալատը, Սուրբ Պավելի տաճարը, Օքսֆորդի եւ Քեմբրիջի քոլեջները եւ այլ շինություններ։ Ապրում է մինչեւ 300-400 տարի, հաճախ՝ ավելի։ Լայնորեն տարածված է զինանշանագործության մեջ՝ հատկապես Չեխիայում։ Լորենին նաեւ օգտագործվում է որպես մետաղադրամների ռեվերսի պատկեր։ Օրինակ՝ Չեխիայի մեկ կրոն արժեքով մետաղադրամի վրա պատկերված է լորենի տնկող ոտաբոբիկ կին՝ բահը ձեռքին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

1 × one =