Շուշանազգիների ընտանիքին պատկանող այս սոխուկավոր ծաղկաբույսն ունի մինչև 20 սմ բարձրություն։ Ցեղը մոնոտիպ է, ունի մեկ տեսակ՝ արևելյան հակինթ, որը վայրի վիճակում աճում է միայն Միջերկրական ծովի արևելյան երկրներում՝ Սիրիա, Լիբանան, Պաղեստին, Հունաստան։ Սելեկցիոն ճանապարհով ստացվել են արևելյան հակինթի բազմաթիվ սորտեր, որոնք լայն տարածում են գտել գեղազարդ պարտիզագործության մեջ։
Այգու գեղեցկուհիներից ամենագեղազարդը համարվում է հակինթ ծաղիկը։ Վարդի ականջից հեռու։
Տերևները երկարավում են, հյութալի, փայլուն, վարդականման, որոնց կենտրոնում սոխից դուրս է գալիս ծաղկակիր ցողունը։ Այն նման է խողովակի, որը զարդարվում է բազմաթիվ ծաղիկներով։ Միաթերթ կամ լիաթերթ ծաղիկները զանգականման են, հավաքված` հասկանման ծաղկաբույլում։ Լինում են սպիտակավուն, մանուշակագույն, երկնագույն, վարդագույն, կարմրադեղնավուն, կապտավուն։
Մեզ մոտ հակինթը ծաղկում է ապրիլին՝ մոտավորապես 20 օր տևողությամբ։ Մշակության մեջ նպատակահարմար է վեգետատիվ բազմացումը ձագուկ սոխուկների միջոցով, որոնք սկսում են ծաղկել 4–րդ տարում։
Խորհուրդ է տրվում հակինթն օգտագործել գարնանային ծաղկային ձևավորումներում, քարապարտեզներում, ինչպես նաև վաղ ծաղկեցման նպատակով։ Ծաղիկները կտրելիս պետք է աշխատել չվնասել տերևները, որպեսզի չխախտվի բույսի աճն ու զարգացումը, և սոխուկները հասունանան։