Գինկգոն Երկրի ամենահին բնակիչներից է, դինոզավրերի ժամանակակիցը։ Գրանցված է Կարմիր գրքում։ Այն ասես Հին աշխարհի մասունք լինի, որ 200 մլն տարվա ընթացքում գրեթե չի փոփոխվել։ Դարերի ընթացքում բիլոբան կոփել է առողջությունն ու պաշտպանական մեխանիզմներ մշակել վնասատուների ու հիվանդությունների հանդեպ։ Գինկգոյին նույնիսկ աղտոտված օդը չի վախեցնում։
Հարավային Չինաստանում համարվել են սուրբ ծառեր, որոնցով զարդարել են սրբավայրերը։
Գինկգոն իր անունը ձեռք է բերել սխալի հետևանքով: Գերմանացի ճանապարհորդ և բնագետ Էնգելբերտ Կեմֆերը, տեսնելով այս ծառը Ճապոնիայի կայսեր պարտեզում, անունը սխալմամբ լատինատառ է դարձնում ոչ թե ճապոնական տառադարձումով, այլ չինական։
Երկբլթակ գինկգոն նախկին ԽՍՀՄ-ի տարածք է ներմուծվել և աճեցվել Նիկիտյան բուսաբանական այգում դեռևս 20-րդ դարասկզբին։ Գինկգո երկբլթակին կհանդիպեք երկրագնդի շատ բուսաբանական այգիներում, դեկորատիվ տնկարկներում ու դենդրոպարկերում։ Տերևաթափ խոշոր ծառ է՝ մոնոպոդիալ ճյուղավորվածությամբ, մերկասերմ տեսակ է, երկտուն է։ Միկրոսպորատերևները պարուրաձև են, իսկ իգական մեգասպորատերևները թմբիկի ձև ունեն՝ երկուական սկզբնակներով։ Փոշոտումը քամու միջոցով է կատարվում՝ մայիս-հունիս ամիսներին, սերմերը հասունանում են հոկտեմբերին։ Բազմանում է արմատային և ցողունային կտրոններով։
Ապրում է մինչև 2000 տարի։
Մեր հանրապետությունում աճեցվում է Երևանի բուսաբանական այգում և Իջևանի դենդրոպարկում։ Աճում է նորմալ, սաղարթը բավականին գեղեցիկ է, ցրտահարության և արևահարության դեպքեր չեն եղել։ Արական նմուշ է։
Կոնդ թաղամասում նույնպես եղել է մեկ խոշոր գինկգո, որը պատահաբար կտրել են 1955 թ.: Ներկայումս բազմացվում է Իջևանի դենդրոպարկում։
Գինգկոներ կան Էջմիածնի Մայր տաճարի մերձակա կանաչ տնկարկներում, Երևանի այգիներում։
Երևանի կիսաանապատային գոտու խիստ ցամաքային կլիմայի պայմաններում երբեմն տուժում է սառնամանիքներից, սակայն օժտված է բավարար երաշտադիմացկունությամբ։
Ծառի գեներատիվ օրգանները զարգանում են կյանքի 25-30 տարում․ միայն այդ ժամանակ է հնարավոր դառնում որոշել ծառի սեռը։ Աշնանն արդեն տեղի է ունենում բեղմնավորումը, դեղնավուն սերմերը հասունանում են, հետո՝ ընկնում։ Սերմերը ծիրանի նման կլորավուն են, բայց ունեն յուղի տհաճ հոտ: Երեք շերտից են բաղկացած․ առաջին շերտը մսոտ է ու փափուկ, երկրորդը՝ կոշտ և երկարավուն, միջուկը՝ բարակ թղթի տեսք ունի։
Սերմերը չինական ավանդական բժշկության հիմնական բաղադրիչներից են։ Բացի սերմերից բժշկության մեջ ակտիվ օգտագործում են նաև բիլոբայի տերևները։ Այսօր գինկգոյի կիրառումը նորաձև է դարձել սննդային հավելումներում։ Լայնորեն կիրառվում է նաև մի շարք խնդիրների բուժման ժամանակ՝ հիշողության և կենտրոնացման խնդիրներ, ընկճախտ, գլխապտույտ, ականջների ձայն ու գլխացավ։ Կենդանիների վրա արված որոշ փորձեր թույլ են տալիս ենթադրել, որ գինկգոյի տերևներով պատրաստուկը կարող է նվազեցնել բերանի, ստամոքսի և աղիքային քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Բայց հղիության ու կրծքով կերակրելու ընթացքում արգելվում է գինկգոյի ցանկացած ձևով պատրաստուկի օգտագործումը։
Ծառի դիմացկունության մասին են վկայում այն գինկգոները, որոնք անգամ Հերոսիմայում պայթած ատոմային ռումբից հետո պահպանեցին իրենց գոյությունը և ապրում են մինչև օրս։
Կանաչապատման մեջ, որպես հնագույն, գեղազարդ և խիստ յուրօրինակ ծառատեսակ, խորհուրդ է տրվում օգտագործել երկբլթակ գինկգոն, գլխավորապես ուսումնաճանաչողական նպատակներով։