26 Հուլիսի, 2023

Հացենի

Հացենին (fraxinus) ձիթազգիների ներկայացուցիչ է, ունի մոտ 60 տեսակ։ Բարձրությունը կարող է կազմել 5-45 մետր։ Կան եւ՛ ծառեր, եւ՛ թփեր։ Լուսասեր է, սակայն հասուն վիճակում կարող է հանգիստ աճել ստվերում։ Աճում է արագ, սիրում է արեւի ուղիղ ճառագայթներ, բերրի, խոնավ հողեր, թեեւ աճում է նաեւ չոր հողերում։ Ծաղկում է կա՛մ մինչ տերեւների բացվելը, կա՛մ տերեւների բացվելուն զուգահեռ, ապրում է շուրջ 300 տարի։ Հացենին լայնորեն տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Միջին Ասիայում, Կովկասում եւ այլն։ Այն օժտված է շատ բարձր էկոլոգիական ճկունությամբ, ունի արտակարգ ամուր բնափայտ, լայնորեն օգտագործվում է արդյունաբերության եւ շինարարության մեջ։ Առաջացնում է լուսավոր, «թափանցիկ» անտառներ, խորհրդանշում է խաղաղություն, մաքրություն եւ լույս։ Շատ ազգերի մոտ այն վերածննդի խորհրդանիշ է։ Կան ազգեր, որոնք հացենու կեղեւը պահում են իրենց մոտ՝ խուսափելու « չար աչքից»։ Հին Հունաստանում այն արդար վրեժխնդրության խորդրդանիշ է։ Պատահական չէ, որ Նեմեսիսը միշտ պատկերվում էր հացենու ճյուղը ձեռքին։ Լայնորեն օգտագործվում է կանաչապատման մեջ, եւ՛ գծային տնկարկներում եւ՛ պարտեզ-պուրակներում։ Երեւանում հանդիպում է ամենուրեք, ունի բազմաթիվ պարտիզային ձեւեր, որոնք աչքի են ընկնում գեղեցիկ սաղարթով եւ տերեւաթիթեղի գույներով։ Շուտով Երեւանի կանաչ ֆոնդը կհամալրվի հացենու գեղեցիկ, պարտիզային ձեւերով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

4 × 3 =