19 Դեկտեմբերի, 2023

Գիհի (Juniperys)

🔷Գիհիները մշտադալար, ասեղնատերեւ ծառեր են կամ՝ թփեր, ունեն շատ լայն տարածում։ Հյուսիսային կիսագնդում են՝ սկսած Արկտիկայից մինչեւ մերձարեւադարձային լեռնային շրջաններ։ Կա նաեւ տեսակ՝ Ju. Procera, որը տարածված է Աֆրիկայում՝ մինչեւ 18 աստիճան հարավային լայնությունները։ Գիհու ամեն տեսակ իր տարածման արեալն ունի։ Կան տեսակներ, որոնք հարմարված են հատուկ լեռնային շրջաններին։ Միայն գիհի սովորականն ունի տարածման շատ մեծ արեալ։ Ծառանման գիհիները կարող են հասնել մինչեւ 10-15 մետր բարձրության՝ առաջացնելով լուսավոր անտառներ։ Չորային պայմաններում սովորաբար չեն զբաղեցնում մեծ տարածքներ։ Առկա են ցածրաճ եւ փռվող տեսակներ, որոնք հարմարված են հիմնականում ժայռոտ վայրերին եւ հասնում են մինչեւ անտառի վերին սահմանը։ Գիհին շատ անուշաբույր է, լուսասեր, հիմնականում՝ չորադիմացկուն, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Դրանք աճում են բավականին երկար, անգամ 600 տարի։ Բազմաթիվ ազգերի մոտ գիհին մահը հաղթահարելու եւ հավերժական կյանքի խորհրդանիշն է։ Նախկինում ընդունված է եղել ազնվական ցեղերի ներկայացուցիչներին հուղարկավորել գիհու սարկոֆագով։ Հունաստանում եւ Հռոմում այն համարվել է օձերի դեմ պայքարի միջոց։
Գիհին լայնորեն օգտագործվում է Երեւանում՝ անտառապատման եւ կանաչապատման մեջ։ Պարունակում է ֆիտոնցիտներ, որոնք օդը մաքրում են մանրէներից։ Հատուկ հմայք են հաղորդում փողոցային տնկարկներում, պարտեզ-պուրակներում։ Երևանի քաղաքային կանաչապատման մեջ գիհի ցեղի ծառերից լայն կիրառվում են վիրգինյան և ժայռայինի տեսկները՝ իրենց ենթատեսակներով, իսկ թփերից՝ կազակականը՝ իր ենթատեսակներով։
Գիհին լայնորեն օգտագործվում է հիվանդությունների դեմ (ասթմա, գանգ ուղեղի ուռուցք, երիկամների հիվանդություններ)։ Օգտագործվում է խոհանոցում՝ որպես համեմունք, ինչպես նաեւ պատրաստվում են օծանելիք եւ կոսմետիկ միջոցներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

16 + 2 =