13 Հունիսի, 2023

Կատալպա

Կատալպայի բնական արեալը Չինաստանն է, Հյուսիսային Ամերիկան եւ Կարիբյան ծովի կղզիները։ Տերեւաթափ լինող ծառ է՝ սրտաձեւ, խոշոր տերեւներով, գեղեցիկ ծաղիկներով, որոնք անտարբեր չեն թողնում։ Ծաղիկները լինում են մինչեւ 7 սմ երկարությամբ, անուշաբույր են, ծաղկման փուլը տեւում է շուրջ 40 օր, ինչը բնորոշ է եզակի ծառատեսակներին։ Այս ծառը անվանում են նաեւ երջանկության ծառ՝ հաշվի առնելով նրա սրտաձեւ տերեւները եւ անուշաբույր ծաղիկները։
Պտուղները երկար, կախված, 40 սմ երկարությամբ պատիճ են։ Գեղեցիկ ծաղիկները եւ պտուղներն այս ծառը դարձնում են դեկորատիվ ՝ ամբողջ տարվա ընթացքում։
Կատալպան խոնավասեր է, սակայն դիմանում է շոգին եւ չորային եղանակներին։ Ջրվում է 7-8 օրը մեկ։ Այսինքն, ամսվա ընթացքում ոռոգվում է 3-4 անգամ, սիրում է փուխր հող։
Կատալպան ապրում է 100-120 տարի՝ հասնելով մինչեւ 30 մետր բարձրության։ Իհարկե քաղաքային պայմաններում այս ցուցանիշները փոքր-ինչ ցածր են։ Երեւանում մեծ տարածում դեռ չունի, սակայն հարմարված է մեր քաղաքային պայմաններին եւ հեռանկարային է՝ հաշվի առնելով նաեւ, որ ունի պարտիզային ձեւերի բավականին մեծ քանակ՝ տարբեր գույնի ծաղիկներով եւ սաղարթով։ Առկա են նաեւ գաճաճ ձեւերը։ Հարմար է փողոցներում՝ որպես գծային տնկարկ, ինչպես նաեւ՝ այգիներում, պուրակներում եւ պարտեզներում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

one + 14 =