Ձիակասկ․ օճառազգի ընտանիքի անդամ է:
Բազմամյա ծառ է, որը նպաստում է օդի մաքրմանը և բարենպաստ ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի վրա։ Բնության մեջ հանդիպում է ձիակասկի 15-ից ավելի տեսակ։ Այն հաճախ է տնկվում քաղաքային այգիներում։
Այս ծառատեսակը հմայում է իր գեղեցկությամբ և հաճելի բույրով։ Հասուն ծառերը կարողանում են հասնել մի քանի տասնյակ մետր բարձրության և երկարակյաց են։ Փռվող խիտ սաղարթի շնորհիվ ամռան տապին իսկական փրկություն են դառնում, թեև ստվերասեր են և դիմանում են սառնամանիքներին։
Ծառն առավել գեղեցիկ է գարնանը, երբ ծաղկում է ու զարդարվում մոմանման սպիտակ ծաղիկներով։ Պտուղներն էլ փշածածկ են, կանաչավուն տուփիկի տեսքով, բացվում է երեք փեղկով։
Բժշկության մեջ ունի իր հաստատուն տեղը։ Կարգավորում է արյան մակարդելիությունը, երակներում և մազանոթներում՝ արյան շրջանառությունը:
Ձիակասկենուց ստացված հումքը կիրառվում է դեղագործության մեջ, բազմաթիվ երկրներում ընդգրկված է դեղաբանական ցանկերում։