15 Փետրվարի, 2024

Մագնոլիա

Մագնոլիան ծաղկավոր բույսերի ցեղ է, որն ունի մոտ 240 տեսակ, կարող է լինել թփանման եւ ծառանման։ Աճում է Հյուսիսային Ամերիկայում, Արեւելյան Ասիայում՝ Չինաստան, Կորեա, Ճապոնիա։ Գերադասում է փուխր, օրգանական նյութերով հարուստ հողեր՝ բավականին բարձր թթվայնությամբ։ Կան նաեւ չափավոր ցրտադիմացկուն տեսակներ։
Մագնոլիան համարվում է հնագույն դարաշրջանի ծաղկավոր բույսերից: Այդ շրջանում, երբ մեղուներ չեն եղել, այս բույսերը փոշոտվել են բզեզներով։ Ի դեպ, գտնվել է Magnolia akuminata-ի նմուշներից մեկը, որը մոտ քսան միլիոն տարեկան է։
Մագնոլիան բազմանում է սերմերով, կտրոններով, պատվաստով։ Արտակարգ դեկորատիվ է, տարվա մեջ կարող է ծաղկել 2 անգամ։ Ծաղիկներն ունեն տարբեր գույներ։ Առաջին ծաղիկները հիմնականում հայտնվում են 8 տարեկան հասակից, ճիշտ խմանքի դեպքում՝ ավելի շուտ։ Լայնորեն օգտագործվում են պուրակների, այգիների կանաչապատման մեջ։ Մագնոլիան կանացիության եւ գեղեցկության խորհրդանիշ է։ Շատ ազգերի մոտ, երբ երիտասարդն օրիորդին նվիրում է մագնոլիայի ծաղիկ, նշանակում է, որ անկեղծ զգացմունքներ ունի։ Ժամանակին մագնոլիա աճեցնել թույլատրվում էր միայն արքայական ընտանիքներին։
Վերջին տարիներին Երեւանի այգիներում, պուրակներում մագնոլիան(թփանման) օգտագործվել է սահմանափակ՝ որպես դեկոր, որը հարմարվել է մեր քաղաքային պայմաններին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

11 + eighteen =