Ջերմոցատնկարանային տնտեսության փակ գրունտը շարունակում է ընդունել Երևանի բոլոր կետերից վերադարձող բազմամյա ծաղիկները: Մասնագետները դրանք մշակում են, պահում մայրացուները, կտրոնավորում, բազմացնում ու նորից անհատույց նվիրում քաղաքին:
Նախորդ տարի միայն Կենտրոն վարչական շրջանից ջերմոց է բերվել 1400 ծաղիկ, մայրացուներ դնելուց հետո կտրոններով բազմացրել են, դարձնելով 7000 հատ և վերադարձրել քաղաքին, 2000-ն էլ պահվել է որպես մայրացու:
Այս տարի ջերմոց բերված առաջին ծաղիկները խորդենիներն են, մոտ 1500 հատ։ Թանկարժեք բույսեր են ու երկրորդ անգամ դրանց գնումը համայնքի համար ծախսատար կլիներ: Իսկ այս մեթոդը արդյունավետ է գումարն ու բնությունը խնայելու համար:
Ջերմոցատնկարանային տնտեսության փակ գրունտը պատրաստ է ընդունել ու մշակել բոլոր բազմամյա ծաղիկները, որոնք կբերվեն քաղաքից: