Երևանում հիմնված առաջին հասարակական այգին է։
Նախկինում այն անվանել են Երևանի թատերական այգի։ Հիմնվել է 1850 թ-ին՝ այժմյան Գրիգոր Լուսավորիչ, Մովսես Խորենացի և Իտալիայի փողոցների միջև։ Սկզբում այգու տարածքում մեծ ճահիճ էր։ Ստորգետնյա աղբյուրներից դուրս ժայթքող ջուրը կուտակվում էր ծառերի մոտ, լճանում։ Մոծակների և գորտերի պատճառով այգում հակասանիտարական վիճակ էր։
**
Երևանի թատերական այգու վերածնունդը սկսվեց 1898 թ-ին՝ Իսահակ Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ դառնալուց հետո։
Այգու բարեկարգումը տևեց 10 տարի։
Մելիք-Աղամալյանի հրահանգով այգին մաքրեցին ճահճից, բացեցին նոր առուներ, անցուղիները ծածկեցին կարմիր փշրանքով։ Ռուսաստանից և Լեհաստանից ներկրվեցին կաղնիներ, որոնք Երևանի պայմաններին հեշտ հարմարվելով՝ այգում գեղեցիկ ծառուղիներ կազմեցին։
Այգին կոչեցին «Անգլիական»։ Պատճառները մի քանիսն են.
այն բարեկարգում էին օտարերկրացիները, աշխատում էին եվրոպական ոճով, բացի այդ քաղաքի բարձրադիր կետերից այգին անգլիական դրոշ էր հիշեցնում։
Այգու պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1910 թվականի հոկտեմբերի 15-ին։
«Սունդուկյանի» անվան թատրոնի շենքի կառուցումից հետո Անգլիական այգին դարձավ մշակութային օջախ։
Հանգստյան օրերին այգու բացօթյա փայտաշեն էստրադայում ելույթ էին ունենում ազգագրական պարային խմբեր ու փողային նվագախմբեր։ Մարդիկ գալիս էին այստեղ պարելու։
Այգում գործում էր ամառային կինոթատրոն, բացօթյա գրադարան-ընթերցարան և ջրավազան։ Մարդաշատ էր նաև տարածքում գտնվող «Դերասանի տունը»։
Ամեն տարի գարնանն Անգլիական այգում երևանցիներն ու թատրոնի դերասանները մեծ ծառատունկ էին կազմակերպում։
Մարդիկ իրենց հանգիստն ու ժամանցը կազմակերպում էին այստեղ։
Եվ այսպես մի ամբողջ տասնամյակ։

**
Հայաստանը հռչակվեց Խորհրդային հանրապետություն։
Սոցիալական և քաղաքական լարված մթնոլորտում այգին կրկին մնաց անխնամ ։ Ծառերը չորացան, հատվեցին։ Գետինը բետոնապատվեց, բացվեցին ջրանցքեր։ Տեղանքի առանձնահատկությունները հաշվի չառնելու պատճառով ջրանցքերում կուտակված ջուրը նորից լճացավ։
1920թ-ին Անգլիական այգին վերածվեց պանթեոնի։ Գլխավոր ծառուղու աջակողմյան հատվածում հուղարկավորվեցին մայիսյան բոլշևիկյան ապստամբության ղեկավարները։ Ի պատիվ 26 կոմիսարների՝ այգին կոչեցին «Կոմայգի»։
**
1962թ-ին Երևանի քաղաքապետ դարձավ Գրիգոր Հասրաթյանը։ Նա երազում էր ջրային միջանցքներով երևանյան փոքրիկ Վենետիկ ստեղծելու մասին։ «Որտեղ» հարցի որոնումները կանգ առան «Կոմայգում»։ Քանի որ գրունտային ջրերի մակարդակը բարձր էր, որոշվեց «Վենետիկն» այնտեղ կառուցել։
Կոմայգում ջրային միջանցքներ ու կամուրջներ ստեղծվեցին։ Այն զբոսանքի երանելի վայր դարձավ։
Ուրախությունը երկար չտևեց։ Մի քանի տարի անց այգու ջրային միջանցքները լճացան։ Ճահիճից խուսափելու համար այնտեղ հող լցվեց։
Սակավաթիվ ծառերով, բետոնապատ, շենքերով շրջապատված՝ այգին մնաց անդեմ ու ամայացավ։ 1980-ական թվականներից ի վեր տարածքում շարժ ապահովում էին միայն Սունդուկյանի անվան թատրոնը, «Մասիս» ռեստորանն ու «Ծիծեռնակ» սրճարանը։
***
2000թ-ին այգու տարածքն 99 տարով վարձակալության տրվեց «Բյուրակն» ՍՊԸ-ին։
Այգու նոր անվանումը հասարակությունն այդպես էլ չընդունեց։
Երբեմնի շքեղ ու հասարակական կյանքում մեծ դեր ունեցած այգին կրկին դարձավ«Անգլիական»։