«Բույսերի պաշտպանության հիմունքները»
Երևանի քաղաքապետարանում ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ սեմինար, թեման` բույսերի առողջությունը:
«Առջևում գարուն է, և բնությունը կյանքի նոր փուլ է սկսում: Նոր փուլը ՀՈԱԿ-ի աշխատակիցների համար նոր մարտահրավերներ է պատրաստում։ ՀՈԱԿ-ի զարգացման գծով փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը համոզված է, որ դրանք հաղթահարել կարելի է միայն թիմով և գիտելիքով զինված»։
Սեմինարի բանախոսը ՀՈԱԿ-ի փորձագետ, գ.գ.թ. դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանն էր։
«Թշնամուն թերագնահատել պետք չէ, նույնիսկ եթե այն լվիճ է: 1 վնասատուն 500 ձու է դնում, 3-4 ծառի կարող է վնասել»:
Սեմինարի ընթացքում Արմենակ Տեր-Գրիգորյանն անդրադարձավ ծառաթփատեսակների ամենատարածված հիվանդություններին` վնասատուներով ախտահարում, սնկային հիվանդություններ, վարակներ, այրվածքներ, քաղցկեղ։
Քննարկմանը մասնակցում էին ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տնօրինությունը, վարչական շրջանների ստորաբաժանումների ղեկավարները, դենդրոլոգներն ու ջերմոցատնկարանային վարչության աշխատակիցները: Սեմինարի ընթացքում ներկայացվեցին հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդները: Ամփոփելով անցած տարին, օբյեկտիվ գնահատելով հաջողություններն ու սխալները` ՀՈԱԿ-ի աշխատակիցները հին փորձով ու նոր եռանդով կնախապատրաստվեն գարնանը:
Ծառերի արդյունավետ բուժումն իրականացնելու համար 2021 թ-ին ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ձեռք կբերի նոր տեխնիկա և նոր բուժանյութեր: Նախապատվությունը կտրվի մարդկանց առողջության համար առավել անվտանգ դեղամիջոցներին: Ժամանակի ընթացքում Երևանի յուրաքանչյուր վարչական շրջան կունենա ինտերակտիվ քարտեզ՝ տարածքում աճող բոլոր ծառաթփատեսակների մասին ինֆորմացիայով: Քարտեզի վրա կնշվի՝ բույսերն ինչ հիվանդություններ են ունեցել, ինչ բուժանյութով և ինչպես են բուժվել, որի շնորհիվ ծառաթփատեսակների բուժումն առավել արդյունավետ կդառնա: