«Հայրենիք», «Պիոներական» և «Ուրախություն» կայարանները 1937 թվականից հարմարվետ տեղակայված են Մանկական երկաթուղի այգում:

1929-ին Մազմանյան-Հալաբյան-Քոչար նրբաճաշակ եռյակը Մոսկվայից եկավ Հայաստան՝ վերափոխելու քաղաքի դիմագիծը: Նրանց վերադարձից 6 տարի անց,  ՀԿԿ կենտկոմում, Աղասի Խանջյանի գլխում ծնվեց Մանկական երկաթգիծ ունենալու գաղափարը, և նա էլ գաղափարն առաջ տարավ: Նախատեսված էր շահագործման հանձնել նոյեմբերի 7-ին՝ հոկտեմբերյան հեղափոխության օրը, բայց պաշտոնական բացումն արվեց հուլիսի 6-ին:

1937-ին՝ իր մահից  օրեր առաջ, Աղասի Խանջյանը դրեց հիմնարկեքի առաջին քարը: Նրբաճաշակ եռյակից Ճարտարապետ ընտրվեց Միքայել Մազմանյանը,  նա նախագծեց այգին ու ամիսներ անց աքսորվեց Նորիլսկ:

ԽՍՀՄ տարածքում կար 40 այսպիսի այգի, մեկը Երևանում էր։

Առաջին կայարանի շենքը փայտից էր, հետո փոխվեց տուֆով: Ճարտապետական լուծումներով բնությունն ու կառույցները միաձուլվում էին: Ռելիեֆից ելնելով, «Հայրենիք» կայարանի շենքը գտնվում է անմիջապես ջրանցքի վերևում՝ գետի վրա: Դա սովորական կայարան չէր. այստեղ էր ապրում կայարանապետը, հերթապահի առաձնասենյակն էլ էր այստեղ, հեռագրատունն էլ, առողջապահական սենյակն ու դրամարկղը նույնպես:

Առաջին շոգեքարշը բերվեց Պոդոլսկի շոգեքարշային գործարանից: Անունը՝ 159-434 էր և ուներ 3 վագոն: Այսօր ծերուկը գտնվում է «Հայրենիք» կայարանի տարածքում: Հետո՝ PAFAWAG-ը եկավ, որն ուներ մետաղական մարդատար վագոններ: Հետո հրավիրեցին ТУ2-116 ջերմաքարշին:

Այգին հատկապես պահանջված էր դառնում «մայովկաների» ժամանակ: Տոմսարկղը «Հայրենիք» կայարանի շենքում էր: Բայց տոմս գրեթե չէր օգտագործվում: Ժամանակակիցները պատմում են, որ երկաթուղին անվճար էր: Խաղահրապարակում կային ջրի մեծ ավազաններ, շատրվաններ, ընթերցարան, պարերի, մարզախաղերի հրապարակ և ծիծաղի սենյակ: Տարածքում կար նաև փոքր մարզադաշտ:

Պիոներները կարմիր վզկապներով կանգնում էին կառամատույցի մոտ և ողջունում ժամանողներին: Գնացքն «Ուրախությունից» «Պիոներական» կայարանով հասնում էր «Հայրենիք»: Այսօր «Ուրախությունն» էլ չի գործում, գնացքն ուղղակի անցնում է կայարանի կողքով: «Պիոներականը» կա, բայց՝ որպես կառամատույց, գնացքն այստեղ էլ չի կանգնում, շարունակում է իր ուղին՝ վերադառնալով «Հայրենիք»: Խորհրդային տարիներին գնացքն աշխատում էր նաև ձմռանը, կային հատուկ ձմեռային վագոններ:

Այգի մտնողին ողջունում էին ԽՍՀՄ հերոսներին նվիրված աղբյուրները, Վիլյամ Պետրոսյանի Հովազ քանդակը, դե իսկ այգուն իր խիստ աչքերով հետևում էր Ստալինի արձանը:

Այն ժամանակ Լենինի, այժմ Մաշտոցի պողոտայից երկու թունելով հասնում էին այգի: Ի դեպ, թունելներն Ալեքսանդր Թամանյանի նախագծի մի մասն էին: Նա ուզում էր թունելներով Հրազդանի զով շունչը բերել քաղաք: Մոտ 400 մ երկարությամբ թունելները քաղաքի կենտրոնի շնչուղիներն էին: Հետո, երբ սկսվեց երկրորդ աշխարհամարտը, դրանք պետք է ծառայեին որպես ապաստարան: Թունելները կարող էին լինել նաև արագընթաց ուղիներ, կամ էլ Բարեկամության մետրոյից դեպի Երևանի Լամպերի գործարան տանող կայարան: Թունելներից մեկն այսօր ծանրաբեռնված է աղբով և չի գործում, մյուսն էլի օդ է մատակարարում քաղաքին, բայց՝ ոչ Հրազդանի զով օդը:

Այգին, Թամանյանի նախագծով, ճոպանուղով պետք է կապվեր Ծիծեռնակաբերդին, բայց դա մնաց թղթին: