Շտերնբերգիա Ֆիշերի
Ծաղիկն անունը ժառանգել է կենսաբան Շտերնբերգիա Ֆիշերից, որը զբաղվել է բույսի ուսումնասիրմամբ։
Այն տարածված է Կենտրոնական Ասիայում, Անդրկովկասում, Իրանում։ Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի տարածքում։
Աճում է խոտածածկ տարածքներում, անտառների լանջերին, ծովի մակերևույթից 600-800 մ բարձրություններում։ Շատ կամակոր է՝ խոնավություն չի սիրում, ցրտին չի դիմանում։ Նույնիսկ +8 +10 ջերմաստիճանում ծաղկի աճը կարող է կանգնել։ Ծաղկում է հունվար-մարտ ամիսներին և դաշտերում դեղնականաչ գորգ փռում։
1 սոխուկի վրա մինչև 13 ծաղիկ կարող է բացվել։ Տերևները վառ կանաչ են, հաստ ու փայլուն։ Գեղազարդ տեսքը բույսը պահպանում է մինչև ապրիլ ամիսը։
Ի դեպ, մինչև 1980-ականների սկիզբը այն համարվում էր վերացած բուսատեսակ։ Եվ հենց այդ տարիներին, Զանգեզուրի Ներքին Վաչագան գյուղի շրջակայքում այն ժամանակ դեռևս ասպիրանտ, այժմ կենսաբանական գիտությունների թեկնածու, «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը հայտնաբերեց այն։
Այս ծաղիկը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Այն արգելվում է քաղել։
Յուրաքանչյուր մեկ հատի համար տուգանքը կազմում է 25․000 դրամ, իսկ 200․000 դրամը գերազանցելու դեպքում հնարավոր է նաև քրեական պատասխանատվություն։
Եթե, այնուամենայնիվ, ուզում եք տանը մի փունջ դեղին ուրախություն ունենալ, գնեք ջերմոցային պայմաններում աճեցվածները, վաճառողից պահանջեք սերտիֆիկատ։
Բիզնես շահ հետապնդողներին թույլ մի տվեք ոչնչացնել ծաղկի այս վերացող տեսակը։