Ծանոթացեք՝ նարգեսն է։
Այն հաճախ կոչում են նարգիզ, բայց նարգես ու նարգիզ ծաղիկները միանգամայն տարբեր են։ Հայաստանում նարգեսը հայտնի է նաև Կրակի ծաղիկ, Փռնչուկ, Վաղենիկ,Պայպուն, Սարի ծաղիկ անուններով։
Նարգես (Narcissus) անվանումն այն ստացել է իր քացրահամ բույրի շնորհիվ։ Հունարենից թարգմանաբար «նարկաո» նշանակում է թմրեցնել, շշմեցնել։ Ի դեպ, 2000 տարի առաջ օծանելիք արտադրողներն այս ծաղկից եթերայուղ են ստացել։ Ժողովուրդն ասում է՝ նարգեսը խավարում երևում է, տեսնողին հաջողություն է բերում, հիվանդին բժշկում է։
Այս ծաղկի մասին լեգենդները շատ են։ Մարդիկ սիրում են այն և դրան մոգական կարողություններ վերագրում։
Անգլիացիները հավատում են, որ տարվա ամենաառաջին ծաղկած նարգեսը տեսնողն ամբողջ տարի հարուստ կլինի։ Չինաստանում նարգեսն Ամանորի գլխավոր զարդն ու խորհրդանիշն է:
Եվրոպայում մարդիկ համոզված են, որ նարգեսի մեծ փունջը կարող է հաջողություն բերել տուն։
Ծաղկի հայրենիքը Եվրոպան է։ Հայտնի է նարգեսի մոտ 60 տեսակ, դրանք հիմնականում տարածված են միջերկրածովյան ավազանում։ Նարգեսը ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին՝ 15 օր տևողությամբ։ Բարձրությունը 40 սմ է։ Ունի խոշոր դեղին խոնարհված կամ ուղղաձիգ ծաղիկներ։
Նարգեսի սոխուկներն ու տերևներն օրգանական միացություններ են պարունակում, որոնք հակաբորբոքային, ջերմիջեցնող, ցավազրկող հատկություն ունեն և կիրառվում են բժշկության մեջ:
Իսկ այ նարգեսի ցողունը թունավոր նյութեր է պարունակում։ Այդ պատճառով նարգեսի հետ նույն ծաղկամանի մեջ այլ ծաղիկներ դնել խորհուրդ չի տրվում։