Քաղաքացիներն սկսե՞լ են տեսակավորել աղբը։

Ե՛վ այո, և՛ ոչ։ Վկայում են թափոնամանները։ Դրանք նախատեսված են թղթի, պլաստիկի ու ապակու համար։ Կանաչ աղբամաններից թափոնաման ընկած  տարածությունն ընդամենը 5 մետր է, 20 վրկ ոտքի ճանապարհ։

Նորից ծանոթանանք.

Դեղին թափոնամանը նախատեսված է թղթի համար,

Կապույտը՝ պլաստիկի,

Մոխրագույնը՝ ապակու,

Կանաչը՝ կենցաղային աղբի։

Թափոնամանների վրա փակցված են տեղեկատվական գրությունները։

Բայց կանաչ աղբամանի մեջ պլաստիկ ու ապակի կգտնեք, իսկ թափոնամանների մեջ՝ ամեն ինչ, օրինակ՝ սննդի մնացորդ։

Տեղի բնակիչների խոսքով մարդիկ նախ օգտագործում են աղբամանները։ Երբ դրանք լցվում են, աղբն արդեն սկսում են լցնել թափոնամանի մեջ։ Ու սկսվում է շղթայական ռեակցիան, մեկն աղբը թափոնամանի մեջ է լցնում, մյուսը կրկնում է, եթե արել են, ուրեմն կարելի է հիմնավորմամբ։

Սիրելի քաղաքացինե՛ր, խնդրում ենք հետևել թափոնամանների գրություններին, ու եթե նույնիսկ թղթի կամ պլաստիկի թափոնամանի մեջ կենցաղային աղբ եք հայտնաբերել, ինքներդ մի ավելացրեք այդ աղբը։ Նաև ՄԻ ԴԱԴԱՐԵՔ ՏԵՍԱԿԱՎՈՐԵԼ։ Վստահեցնում ենք, որ ձեր տեսակավորած թափոնները հասնում են վերամշակման։

Մենք իրականացնում ենք նաև երկրորդային տեսակավորում, իրարից զատում ենք աղբն ու թափոնը, և մեր մեքենաներով դրանք տեղափոխում վերամշակման գործարաններ։ Եվ եթե դուք չեք զլացել ու տեսակավորել եք ապակին, թուղթը, ստվարաթուղթն ու պլաստիկը, լցրեք դրանք թափոնամանների մեջ։ ՁԵՐ ՋԱՆՔԵՐՆ ԻԶՈՒՐ ՉԵՆ։

Թափոնների տեսակավորման վարչության աշխատակիցները պատրաստ են ամեն մոտեցողի պատմել ու բացատրել, թե ինչպես է պետք վարվել թափոնների ու թափոնամանների հետ։ Այսօրվա իրազեկումը Կենտրոն վարչական շրջանում էր։

Մանեն ու Իննան են. ընկերուհիներից մեկը տեսակավորում է աղբը, մյուսը՝ ոչ։ Վարչության պատասխանատու Արգիշտի Դարբինյանը տեղում վարպետության դաս է անցկացնում աղջիկների հետ։ Պլաստիկե շիշը, եթե սեղմվի, առանց կափարիչը բացելու էլ կարելի է գցել թափոնամանի մեջ։

Պարոն Ժիրայրը խիստ տեղեկացված է՝ ինչն է վերամշակվում, ինչը՝ ոչ։

Բայց քաղաքացիներ էլ կան, որ ոչ էլ գիտեն՝ ինչի համար են այս «գունավոր տարաները»։ Լսեցին պատասխանատուին, իմացան։

Իսկ տեղեկացված քաղաքացիները մոտենում են, նախապես տեսակավորված թափոնը լցնում՝ համապատասխան թափոնամանի մեջ ու հեռանում։

Հիշեցնենք. տեսակավորելով աղբը, մենք խնայում ենք բնությունն ու շրջակա միջավայրը։