«Եկեք գնանք վերամշակման գործարան»
Մենք առաջարկեցինք, նա համաձայնեց։
Նա Սարինե Հայրիյանն է։ Բարեխղճորեն տեսակավորում է պլաստիկը, թուղթն ու ապակին, լցնում Երևանի փողոցներում տեղադրված գունավոր թափոնամանների մեջ, բայց․․․
Բայց, թե այնտեղից դրանք ուր են գնում, ցանկացավ տեսնել տեղում։
Շրջայցն ապահովեց Թափոնների տեսակավորման վարչությունը։ Սկսեցին թափոնամանների պարունակությունը ստուգելուց։
Սարինեն իր աչքով տեսավ, համոզվեց, որ այնտեղ ոչ միշտ է վերամշակելի թափոն լցվում, լինում է նաև կենցաղային աղբ։ Պարզեց նաև, որ ինքն էլ տեսակավորում է թափոններ, որոնք վերամշակման ենթակա չեն, օրինակ՝ ձվի պլաստիկե տուփերը, մակարոնի, ձավարեղենի փաթեթավորման տոպրակները։
Վերամշակման գործարանում հարցերի պատասխաններն ավելի շատ էին։
Տեսավ տեսակավորման պրոցեսը, իմացավ, թե պլաստիկի որ տեսակները Հայաստանում չեն վերամշակվում, ծանոթացավ, թե վերամշակված պլաստիկից ինչ արտադրանք են ստանում, հումքը նաև արտահանում են։