60 տաղավար, հարյուրավոր ուսանողներ, վարպետության դասեր, փորձի փոխանակում և աշխատաշուկայում նոր անունների համալրում. այսօր կայացավ Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանի կազմակերպած «Աշխատանքի տոնավաճառը»:

Նպատակը ուսանողների համար աշխատաշուկան գրավիչ ու հասանելի դարձնելն էր: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը մասնակցեց տոնավաճառին իր գործառույթները ներկայացնող տաղավարով: Այցելուներին դիմավորում էին բազմապիսի տնկիները, որոնք առաջիկայում հայտնվելու են քաղաքի տարբեր այգիներում: Դրանք աճեցվում և մինչև այգի հասնելը, պահպանվում են ՀՈԱԿ-ի տնկարանային տնտեսությունում: Տնկիների կողքին հարմարավետ տեղավորվել էր քարտեզագրման սարքը, որն ուսանողներին անտարբեր չթողեց: Բույսերի բուժմամբ զբաղվող աշխատակցի արտահագուստով մանեկենը ևս հետաքրքրեց նրանց: Բայց այս ամենը ամբողջական չէր լինի, առանց մասնագետների ներկայության: ՀՈԱԿ-ը ներկայացնում էին փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը, գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը և փորձագետ Արմենակ Տեր Գրիգորյանը: Ինքնակենսագրականները ձեռքին ուսանողները տաղավարում երկար մնալու երկու պատճառ ունեին: Նախ նրանք հետաքրքրվում էին ՀՈԱԿ-ի թափուր աշխատատեղերով, նաև գրավիչ էր կազմակերպված վիկտորինան: Մենք նախապատրաստել էինք տարատեսակ հարցեր բույսերի մասին, որոնք զարդարում են մեր քաղաքը: Ներկաները հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում նվեր էին ստանում այդ բույսերը: Սա օգնեց այցելուներին ավելին իմանալ մեր գեղազարդ ընկերների մասին, միմյանց հետ գիտելիքներով փոխանակվել և ՀՈԱԿ-ի փոխտնօրենից հանպատրաստից վարպետության դաս ստանալ:

«Աշխատանքի տոնավաճառից» հետո մի քանի հարյուր մասնակցի անձնական տվյալներ մեր թղթապանակում են. առաջիկայում մեր աշխատացանկը կարող է համալրվել նոր աշխատակիցներով: