«ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի աշխատանքներին խոշորացույցով են հետևում սրտացավ քաղաքացիներն ու բուսասերները։ Նրանցից մեկն էլ Անդրանիկն է, որին ուրախացնում է Երևանը մշտադալարներով հարստացնելու ՀՈԱԿ-ի  ռազմավարությունը։ Ինքն էլ ՀՈԱԿ-ից հետ չի մնում։ Նա սիրով ընդունեց մեզ իր կանաչ գոտում ու ծանոթացրեց իր մշտադալարներին։ Պատրաստակամ է կիսվելու իր փորձով ու ներմուծած տեսակների մասին տեղեկատվությամբ։

Բուսասերը ծնունդով Իրանից է։ Մասնավոր համալսարանում հաշվապահությունն ավարտեց ու դիպլոմը դրեց մի կողմ։ Պիկնիկների սիրահարին բնությունն ավելի հետաքրքիր էր, քան թվերը։ Երբ սկսեց քիչ–քիչ իրարից տարբերել ծառերի տեսակները, ավելի խորը սկսեց ուսումնասիրել։

Հիմա արդեն Հայաստանում է ապրում։ Արդեն մի քանի հարյուր ծառ ունի, որոնց սերմերը բերել է Իրանից։

– Նպատակ ունեմ Հայաստանը հարստացնելու նոր տեսակի ծառերով, – ասում է Անդրանիկը։

Իրանի ձմեռն էլ է խիստ լինում, ամառն էլ։ Շատ էլ տարբեր չէ Հայաստանի բնությունից։ Անդրանիկը սկզբում Էլդարյան սոճիի սերմերը տնկեց Նորք Մարաշի իր այգում։ Ծառը դիմացկուն է երաշտի, շոգի ու միջատների հանդեպ։ Միայն խիստ ցուրտը չի սիրում։

– Դե արդեն 5 տարի է այստեղ -22 աստիճան չի եղել, դրա համար սիրտս հանգիստ է, որ կապրեն, – ասում է Անդրանիկը։

Ծառերը 5 տարեկան են, բայց 15–ի տեսք ունեն։ Անդրանիկի ընկերները զարմանում են․ այս տարիքում ծառերը մեկ մետրի չափ են լինում։ Անդրանիկի ծառերը մոտ երեք մետր են, այն էլ ադապտացվելու խնդիր ունեցող ծառերը։

– Ծառերը միշտ հետաքրքիր են։ Տեսեք, նույն սերմի ծառեր են, մեկը փարթամ է, մյուսը՝ ոչ։ Արիզոնյան երկու նոճիները, որ նույն սերմից են, տարբեր երանգներ ունեն։

Ասում է, ցույց տալիս ծառերն ու ծառերով հմայված անցնում է պատմություններին։ Եթե այս ծառերը դիմանան, սերմ տան, կարող ենք համարել, որ արդեն տեսակն ադապտացվել է։ Ծառերը «քաղաքացիություն կստանան» ու կհամարվեն տեղացի, հենց մեր կլիմայական պայմաններին հարմարված։ Արդեն հաջորդ նոճիներն ու սոճիները այս սերմերից կվերցնենք ու ծառերն էլ ադապտացվելու խնդիր չեն ունենա։

Արիզոնյան նոճու սերմերը ևս Իրանից են։

– Այս ծառերը այսպես ասած երկսեռ են, ունեն և՛ արական, և՛ իգական նմուշներ։ Երբ առաջին սերմերը լինում են, արական նմուշի են լինում, երբ սերմը հասունանում է, մոտ 2–3 տարի, իգական է դառնում։ Հետաքրքիր ծառեր են շատ։

Արիզոնացիների մոտից անցնում է արցախցիների մոտ։ Ցույց է տալիս՝ որոնք են բերվել Արցախից։ Նույն սերմից են ստացվել, մի ծառը բարձրահասակ ու նիհար է, մյուսը՝ կարճահասակ ու փարթամ։

Քիչ այն կողմ ևս արցախյան նոճի է կանգնած։ Արդեն սերմեր ունի, բայց դեռ հասուն չեն։ Մոտ երեք տարի պետք կգա, որ սերմերը հասունանան։ Ասում է Անդրանիկն ու աչքով է ընկնում հասուն սերմ։ Կասկածում է, որ հասուն են։ Կտրում է․ այո, հասուն սերմ է։ Գցում է ջրի մեջ։ Եթե սերմն իջնում է ջրի հատակը, ուրեմն՝ լիքն է, կարող ես դնել խոնավ անձեռոցիկի մեջ, մի քանի օր պահել ու արդեն սերմնաբուծակը դնել հողի մեջ։ Եթե սերմը մնաց ջրի երեսին, ուրեմն դատարկ է։

Ամերիկյան սոճիներն ավելի սուր փշեր ունեն։ Փարթամ ծառերը ևս տարիքով փոքր են։ Բայց դրանց կողքին իր կանաչ մանկությունն է ապրում գիգանտ թույան։ Բարձրությունը մինչև 70-80 ոտնաչափ է։  Փոքր են նաև կակտուսները, որոնք որոշ ժամանակ հետո իրենց տեղը կգտնեն հողում։ Դեռ ջերմոցում են ապրում։

Անդրանիկը, որ բույսերի մեծ հավաքածու ունի, երազում է այգու փոխարեն հետագայում դենդրոպարկ հիմնել, Հայաստան բերել ծառեր, որոնցից այստեղ այնքան էլ չկան, ծանոթացնել երիտասարդներին բնությանն ու մի ամբողջ կյանք բնություն քարոզել։ Հետաքրքրությունն՝ իրեն, թթվածինը՝ բոլորիս։

Ի դեպ, այս բոլոր ծառերի սերմերը հասունացել են ընդամենը 25 քմ տարածքում։