Ծանոթացեք, մեր այգեպան Հակոբ Սարգսյանն է։
Աշխատելու ընթացքում երաժշտություն չի լսում։ Բայց հենց ձեռքը Յութուբներին է հասնում, առաջին գործը Տիգրան Համասյանի աշխարհ մտնելն է։ Ամեն գործիք առանձին է ընկալում, կատարումների մեջ հերթով խորանում։ Մասնագիտական է։ Տարիներ շարունակ Լեդ Զեփելին, Դիփ Փարփլ, Ջորջ Բենսոն, Չիկ Կորեա էր լսում։ Լսել ու տարիներ շարունակ նաև նվագել։ Մոսկվայի կուլտուրայի ինստիտուտն ավարտած, հարվածային գործիքների դիրիժոր Հակոբի տարերքը հարվածայիներն էին՝ քսենոֆոն, վիբրոֆոն․․․․

Չայկովսկու անվան համերգասրահից «ԿՇՄՊ» ՀՈԱԿ նրան բերեց ճակատագիրը։ Երաժիշտը որտեղ ասես նվագել է, 7 տարի առաջ գործիքը ձեռքից վայր դրել ու անցել բնության պահպանմանը։ Այսօր այգեգործ է ու ամեն տեղ ռիթմ ու տակտ է գտնում։ Բնության լադում իրեն լավ է զգում։ Մի օր եղանակը դո մաժոր է, հաջորդ օրը՝ լյա մինոր։ Բայց դա չի խանգարում զգալ բնությունը մի կոմպոզիցիայի մեջ։

Նոր աշխարհը բացահայտեց ՀՈԱԿ–ի հին աշխատակիցների հետ։ 1 տարուց ավելի է, տիրապետում է հողը նախապատրաստելու, ծաղիկ տնկելու, ծառ խնամելու, բնությունը վայելելու գործին։
– Սիմֆոնիկ նվագախմբերում, դե պարզ է, դասական եմ նվագել։ Բայց հետո՝ ջազ–ռոք, ջազ․․․․ Երաժշտությունը արվեստում միակներից է, որ միանգամից մարդու հոգու հետ է խոսում։ Ինձ համար երաժշտությունը կյանքի ամենահետաքրքիր բաներից մեկն է։ Ախր՝ ուրախությունն էլ, տխրությունն էլ երաժշտությունով ենք ապրում։
Հակոբի աշխատանքն այսօր նախկինի պես ծանրաբեռնված չէ։ Մեկ րոպե խոսում ես հետն ու հասկանում, որ մարդն ուղիղ կապի մեջ է բնության հետ։ Նույն հանգստությամբ է, ինչ այգու կաղնին, թեղին․․․

– Ամայի տարածքներ կան, որ խոտ եմ ցանում, կանաչով է պատվում, լավ եմ զգում։ Եթե օրական 8 կամ 10 հատ ծառ եմ տնկում, ուրախանում եմ։ Ծառը շնչավոր է, իրեն կյանք ես տալիս։ Բնությունը երաժշտություն է։ Մարդու կյանքը պետք է բալանսավորվի մի ուղղությամբ՝ երաժշտություն կլինի, բժշկություն․․․․ բայց մյուս կողմից պետք է աուրա լինի, բնություն, միջավայր։ Անապատի մարդն ուրիշ բնավորություն ունի, անտառի մեջ ապրողն՝ ուրիշ։ Դա էլ է ազդում մարդու վրա։ Ամեն ինչն էլ սինքրոն է․․․․ Բնության հետ ավելի հանգիստ եմ դառել, ավելի հավասարակշռված, շրջահայաց, ֆիզիկապես հոգնում եմ, բայց ներսումս հանգիստ է։ Հետո միանգամից ավելացնում է․
– Եթե ջազ ակումբներում հնարավոր լիներ, երեկոները նորից կնվագեի․․․․