«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ–ի աշխատակիցները Եռաբլուրի պանթեոնի տարածքում են։ Ծառերն ընտրված են, բահերը ձեռքին աշխատակիցները սպասում են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներին։ Նշված ժամին ռազմաբժշկական ֆակուլտետի հայաստանցի և 38 երկրներից եկած օտարազգի ուսանողները տեղում էին։
Մինչև ծառատունկը «Կանաչապատում և շրջական միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանն ուսանողներին նախ բացատրեց գրագետ տունկի կանոնները բժշկական ձևակերպումներով․
– Պորտալարը լավ չկտրեք, երեխան չի ապրի։ Վատ տունկը ծառի մահն է։
Այս բառերով էլ մեկնարկեց ծառատունկը։ Գարնան սկզբից այս հատվածում տնկվել է մոտ 2000 ծառ։ Այսօր դրանց ավելացավ ևս 133–ը։ Թիվն էլ է խորհրդանշական, ընտրված ծառերն էլ։ Արցախյան վերջին պատերազմում զոհվեցին 100–ամյա համալսարանի 33 ուսանողները։ Մշտադալար ծառերն էլ կմեծանան, կդառնան թթվածնային գոտի և սերնդեսերունդ կպատմեն, որ եղել է պատերազմ, այն մեծ ցավ է հասցրել մեր պետությանը, բայց կորստին ու ցավին պետք է հաջորդի կյանքը։
-Եռաբլուր բարձրացողն այսուհետև պիտի կանաչ սաղարթ տեսնի, ոչ թե անապատ։ Տնջրին Արցախն է խորհրդանշում, բարդին ու ծիրանենին՝ Հայաստանը, մշտադալար ծառերը՝ հերոսների սխրանքը։ Ամեն ինչ իր իմաստն ունի, ոչ մի պատահական բան այս նախագծում չկա,– ասում է տիկին Վարդանյանը։
Բժշկական համալսարանի փիլիսոփայության դասախոս Հայարփի Սահակյանը, որն իր ուսանողների հետ նախաձեռնել էր ծառատունկը, մի հետաքրքիր ուղերձ է դրել հիմքում։ Տարբեր երկրների ուսանողները կարող են իրենց հետքը թողնել Հայաստանում և ամեն անգամ, երբ կգան, իրենց գցած արմատը կգտնեն ու ավելի սրտացավ կլինեն։
Հասթի Դոնիագարդրադն ամերիկաբնակ իրանցի է ու շատ ոգևորված ծառատունկի գաղափարով։
– Սա շատ կարևոր է․ես իմ ներդրումն եմ անում ապագայիս համար, գլոբալ տաքացման ֆոնին նպաստում եմ թթվածնի մաքրմանը և կարծում եմ, որ սա շատ կարևոր քայլ է։ Ես իմ արմատները թողնում եմ Հայաստանում․․․․
–Մենք պետք է այս ծառերն այնպես խնամենք, որ տարածքի համար դառնան կենսունակ և վերածվեն հրաշք կանաչ գոտու, – մեզ պատմում էր «Լանդշաֆտային ճարտարապետություն և դիզայն» վարչության աշխատակից Նարինե Եփրեմյանը։
Հիմքերը փորվեցին, ծառերը տնկվեցին, ջրվեցին։ Եռաբլուր պանթեոն տանող ճանապարհն այսուհետև լցված կլինի մեր տղաների սխրանքներով մաքրված օդով։