Կենտրոն վարչական շրջանը Երևանի այցեքարտն է, ժամադրությունների անցակետը, արվեստի հետ հիմնական ժամադրավայրն ու զբոսաշրջիկների ամենասիրելի վայրը: Հատկապես փոքր կենտրոնն ամենաայցելվողն ու ամենապահանջվածն է, թե՛ տեղացիների, թե՛ օտարերկրացիների համար: Սուրճը վերցրեք՝ «գնանք» Կենտրոն: 

Տարածքը՝ 1335 հա,

Բնակչությունը՝ 126 600 մարդ։

2022 թ-ին Կենտրոն վարչական շրջանում նախատեսվում է ստեղծել նոր, 21-րդ դարի չափանիշներին համապատասխան ոռոգման ջրագծեր Կոնսերվատորիայի հարակից պուրակում, Մ. Մանուշյանի անվան պուրակում, Ուսանողական այգում, Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի՝ Մ․ Նալբանդյանի հուշարձանի հարակից և Հրանտ Մաթևոսյանի անվան տուն-թանգարանի հարակից տարածքում:

Իսկ մինչ այդ ներկայացնում ենք 2021-ի մինչև այս պահն արված աշխատանքներն՝ ըստ կանաչ գոտիների։

Երևանի ամենահյուսիսային պողոտան միշտ է ծաղկաշատ եղել: Հիմա՝ հատկապես: «Գեղեցկուհիներին» հարմարավետ տեղավորելու համար նախ բարելավվեց հողաշերտը, փոխարինվեց մոտ 13 խմ բուսահողով: Տնկվեց մոտ 16 000 հատ թուփ ու ծաղիկ: Հիմա պողոտան զարդարում են մշտադալար տոսախը, գաճաճ վարդը, հինածաղիկը, կուսածաղիկը, ծորենին, կատարանտուսը, գիհի կազակականը, գիհի վիրգինյանը, բաղեղը, եղրևանին, իլենին ու թանթռնիկը:

Հանրապետության հրապարակում այս տարի փոխվեց բույսերի ընտրման ու տնկման քաղաքականությունը: Այն պետք է լիովին լրացներ ու շարունակեր թամանյանական ճարտարապետությունը: Արդյունք գրանցելու համար նախ անցկացվեց մոտ 350 գմ նոր պոլիէթիլենային խողովակով ոռոգման ջրագիծ, տեղադրվեց 33 անձրևացնող ցնցուղ, 2 փական, ավելի քան 45 միացման մաս՝ եռաբաշխիչներ, անցումներ, խցաններ: Ջրով ապահովելուց հետո տնկվեց մոտ 10 800 թուփ ու ծաղիկ՝  գիհի կազակական, կատարանտուս, ճապկի, խորդենի, կծոխուր թունբերգի (ծորենի), սոսի արևելյան, հնդկական կաննա, տոսախ մշտադալար, գաճաճ վարդ: Ոռոգման ցանցի արդիականացման և ավտոմատացման աշխատանքները շարունակվելու են մինչև 2022 թ.-ի գարուն:

Երևանի քաղաքապետարանի շենքը «գրկող» կանաչ գոտում կային ջրագծերի վթարված հատվածներ: Նորոգվեց՝ մոտ 10 գմ-ը, մոտ 60 անձրևացնող ցնցուղ և ավելի քան 20 պոլիէթիլենային դետալ փոխվեց: Այս հատվածը ՀՈԱԿ-ը զարդարել է մոտ 3000 ծաղիկներով` կաննաներով և գաճաճ վարդերով:

Սուրբ Սարգսի լանջով մեկ անցկացվեց 312 գմ մետաղական խողովակ, տեղադրվել 70-ից ավելի փական և 100 ինքնաշեն ցնցուղիչ: Գարնանն այս հատվածում տնկվել է 46 ալբիցիա, 81 նշենի, 20 կաղնի, 50 հացենի, 10 կատալպա, 35 վայրի խնձոր ու տանձ։

Աբովյանի արձանի բնակության վայրում՝ գրողի ոտքերի տակ, նախ նորոգվեց ջրագիծը՝ 27 գմ և փոխարինվեց 12 փական: Հետո արդեն տնկվեց 7000 գաճաճ վարդ, ու տեսարանն ամբողջացավ:

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հարակից տարածքը՝ 70 քմ, ճմապատվել է: Տնկվել են թփեր՝ վեյգելա և բուդլեա դավիդի: Մոտ 3000 եղեսպակ ու թավշածաղիկ է տնկվել, հատվել է 1 չոր ծառ, իրականացվել են սանիտարական մաքրման և 10 ծառի էտման աշխատանքներ:

Մարտիրոս Սարյանի պուրակում Երևանի քաղաքապետարանը նոր ջրագիծ է անցկացրել: Տնկվել է մոտ 4500 բույս: Կատարվել են սանիտարական էտման աշխատանքներ, հիմնվել է մոտ 3600 քմ սիզամարգ:

Երվանդ Քոչարի փողոցում աշխատանքները չեն դադարում: Այստեղ նախ 60 գմ ոռոգման նոր ցանց կառուցվեց, տեղադրվեց 30 անձրևացնող ցնցուղ և 16 փական: Նորոգվեց մոտ 70 գմ խողովակ: Աշխատանքները շարունակվում են: