Այս աշնանը նախատեսվում է էտել մոտ 8000 ծառ, հատել նաև գույքագրված անկենսունակ ծառերը։
«ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Տիգրան Հակոբյանի հրամանի համաձայն, էտումները կիրականացվեն հոկտեմբերի 20-ից՝ մեկ ամիս, եթե եղանակային պայմանները թույլ տան, ժամկետը կերկարաձգվի։
Աշխատանքների կազմակերպման, անվտանգության կանոնների հաստատման ու հսկողության կարգ սահմանելու օրակարգով, ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Արշակ Սեյրանյանի ղեկավարությամբ, կայացավ խորհրդակցություն, որին մասնակցում էին գլխավոր դենդրոլոգը, տնտեսական վարչության պետը, ավտոպարկի պետը, ստորաբաժանումների ղեկավարները։
Ամրագրվեցին հետևյալ անելիքները․
Երևանի վարչական շրջաններում ձևավորել աշխատանքային խմբեր,
Աշխատակիցների համար ապահովել անվտանգ աշխատանքային պայմաններ և համապատասխան հանդերձանք՝ սաղավարտ, պաշտպանիչ ակնոց և այլն։
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ապահովել առողջ ու անվտանգ պայմաններ, անհրաժեշտ պարագաներ, հսկել աշխատակիցների առողջական վիճակը։
Այս տարի էտման աշխատանքների համար կվարձակալվեն միայն ավտոաշտարակները, իսկ փայտանյութի տեղափոխումը կիրականացվի բացառապես ՀՈԱԿ-ի ինքնաթափերով։ Վերջերս ձեռքբերված մեքենաներով համալրված ավտոպարկն ամբողջությամբ կկազմակերպի փայտանյութի տեղափոխումը մայրաքաղաքի բոլոր կետերից դեպի պահեստ։
Փայտանյութի քանակը տեղում կարձանագրեն և կպահեստավորեն։
Տնտեսական վարչությունը կիրականացնի աշխատանքների հսկողությունն ու տեղում՝ անհրաժեշտության դեպքում, կապահովի տեխնիկական աջակցություն։
Հաշվի առնելով շաբաթվա ընթացքում երթևեկության ծանրաբեռնվածությունը, Կենտրոն վարչական շրջանում կաշխատեն նաև կիրակի օրերին։
Ի դեպ, այս օրերին մայրաքաղաքում ընթանում են ճանապարհային երթևեկության նշաններին խանգարող ճյուղերի հեռացման աշխատանքներ։