Էկոբակի Կարինեի մասին մենք ձեզ արդեն պատմել ենք: Նրա տանն ինչ ասես հնարավոր է գտնել, իրերի մեծ մասն էլ՝ երկրորդային օգտագործմամբ: Ամանորին էլ է Կարինեն պատրաստվել նույն սկզբունքով.
– Ինչո՞ւ իրն օգտագործել մեկ անգամ, եթե կարող ես տրանսֆորմացնել ու սիրուն, նոր արդյունք ունենալ:
Մեր աչքերի առաջ բնության սիրահարը թեյերի տուփերից տոնածառեր պատրաստեց, զարդարեց կոնֆետներով ու փոքրիկ խաղալիքներով: Մի մեծ տուփ, փայտերով ու տոնական դետալներով վաղուց էր զարդարել: Հետո ինչ-որ տեղից գտնված ձայնապնակ վերցրեց, ներկեց, ժամացույցի մեխանիզմն ամրացրեց ու ստացավ տոնական ժամացույց: Ժամացույցի գործն ավարտեց ու անցավ փայտե տուփին: Այն վաղուց կարող էր աղբանոցում լինել, բայց դեռ տանն է ու պատրաստվում է գեղեցիկ զարդարանքի վերածվել:
-Այ, եթե հիմա մայրս այստեղ լիներ, կասեր ձեզ տոնածառ-մոնածառ,- գունավորում է տնակը, ավիրում տարածքն ու ծիծաղում:
Մեկ ժամում Կարինեն և՛ տունը զարդարեց, և՛ թափոնից ազատվեց: Այս սկզբունքով է Կարինեն ձևավորում իր տան ամեն անկյունն ու անվերջ բացահայտումներով միջավայր ստեղծում: