Մամիկոն Սահակյանը Ջերմոցատնկարանային վարչության բաց գրունտի բաժնի պետն է: Իր մասնագիտական հմտությունները տեսանելի են քաղաքի բոլոր անկյուններում: Բազմաթիվ բույսերի ծնունդն էլ է ինքն ընդունում, մահն էլ է ինքը գրանցում: Հաճախ Հայաստանի կլիմայական պայմաններին է ադապտացնում՝ օրինակ Մեքսիկայում աճող բույսերը: Պաշտում է մշտադալար ասեղնատերևավորին: Դստեր նկարազարդած տարաների մեջ հենց այս օրերին աճեցնում է երեք բույս՝ սոճի ղրիմյան, սոճի սիբիրյան, սոճի էլդարյան: Տարաներից մեկի վրա էլ գրված է՝ քաղաք ու բնություն: Քաղաքի բնության պատասխանատուներից մեկն էլ բույսը համեմատում է մարդու հետ:

– Ոնց երեխային ես լույս աշխարհ բերում ու պահում, որ մեծանա, նույնն էլ բույսն է, որքան շատ ես խնամում, այնքան գեղեցիկ ու առողջ է աճում:

Մամիկոնը համարում է, որ մեր քաղաքին մշտադալարներն են պակասում: Օրինակ՝ բարդիները ջուր կլանելու վարպետներ են: Որքան էլ ջրես, էլի խմել են ուզելու: Փոխարենը կարելի է մշտադալարներն ավելացնել, որ քաղաքը տարին 12 ամիս զարդարված լինի կանաչ բուսականությամբ:

Մամիկոնի համար մարգերով ու շարքերով շողացող բույսերի միջև տարբերություն չկա, բոլորին էլ նույն պատասխանատվությամբ է խնամում: Բայց կա մեկը, որի մասին հաճախ է խոսում: Ու այդ բույսի անունը Գինգկո Երկբլթակն է (բիլոբա): Բարձրահասակ ու բարակիրան այս ծառը չափազանց կամակոր է: Ծաղկում է մայիս – հունիս ամիսներին։ Սերմերը հասունանում են հոկտեմբերին։ Արմատային համակարգը պլաստիկ է, հողադիմացկուն։ Ապրում է մինչև 2000 տարի։ Երկբլթակ Գինգկոն նախկին ԽՍՀՄ-ի տարածք է ներմուծվել և աճեցվել 20-րդ դարի սկզբին։ Աճեցվում է Երևանի Բուսաբանական այգում, Իջևանի դենդրոպարկում։ Բազմանում է սերմերով, արմատային և ցողունային կտրոններով։ Երևանի կիսաանապատային գոտու խիստ ցամաքային կլիմայի պայմաններում տուժում է սառնամանիքներից, սակայն օժտված է երաշտադիմացկունությամբ։ Ասում են՝ Կոնդ թաղամասում նույնպես աճելիս է եղել գինգկոյի խոշոր ծառ, որը պատահաբար կտրել են 1955 թ.: Երևանի կլիմայական պայմաններին բույսը չի դիմանում: Ներկայումս մասսայական կարգով աճեցվում է Իջևանի դենդրարիումում։ Կանաչապատման մեջ խորհուրդ է տրվում օգտագործել որպես հնագույն և խիստ հետաքրքրական ծառատեսակ, գլխավորապես ուսումնադաստիարակչական նպատակներով։ Մամիկոնի համար գեղեցիկ նվեր եղավ, երբ Փարիզից Թորգոմ Աշյանը Հայաստան բերեց գինգկոյի սերմերը։ Մամիկոնի ձեռքով դրված փոքրիկ գինգկոները վկա, մասնագետն ամեն ինչ անում է, որ այս հետաքրքրական բույսի քանակը ավելանա մեր քաղաքում, բայց կամակորն էլի իրենն է պնդում ու առայժմ զարդարում ՀՈԱԿ-ի ջերմոցատնկարանը:

Ի դեպ, այգին ամբողջ օրը բազմամարդ է լինում, տեղի բնակիչները սիրում են երեկոյան զբոսանքն այգում կազմակերպել։