Նոր Նորք վարչական շրջան 

Տարածքը՝ 1449.8 հա

Բնակչությունը՝ 129 400 մարդ

Վարչական շրջանի ամեն անկյունում երևում է «ԿՇՄՊ» ՀՈԱԿ–ի «կանաչ ներդրումը»։

6-րդ զանգվածի օղակաձև պուրակում տնկվել է 14 000 ծաղիկ՝ շան բերան, թավշածաղիկ, վարդ։

Գայի պողոտայի թարմ տեսքն ապահովում է 275 քմ սիզամարգը։

Թաթուլ Կրպեյանի անվան այգի

Վնասված ջրագծերը նորոգվել են, փոխվել են փականներն ու բույսերի ջրահագեցման գործընթացն իրականացվում է ըստ պահանջի։ Տնկվել է 210 վարդ, 100 ոսկեզանգ։ Այգին հերոսի անվանն արժանի տեսք ունի։ Աշխատանքները շարունակվում են։

Նանսենի այգի

Այս գոտին նախկինում էլ կանաչ ու գեղեցիկ է եղել, բայց ջրագծերն անհրաժեշտ էր նորոգել։ Նորոգվել է 50 գմ մետաղական խողովակ։ Բույսերի ջրահագեցման խնդիրը լուծելուց հետո տնկվել է 20 տոսախ։

Նանսենի այգու շարունակությամբ՝ Կինոյի այգի անունով հայտնի հատված, ջուր ընդհանրապես չէր հասնում։ Ջրագծերի խնդիր կար։ Լուծվեց։ 25 գմ նոր ջրագիծը միացվեց հին ցանցին և մաքրվեց խցանումներից։ Դեղնած այգին առաջիկայում կանաչ կլինի։

Նանսենի այգուց ձախ Վերածննդի այգին է։ Տարածքը մոտ 4.2 հա է։ Այս այգին մեկ տարի առաջ վերին հատվածում գտնվող մայր ջրագծից ոռոգվում էր առուներով։  Այսօր արդեն «ԿՇՄՊ» ՀՈԱԿ–ն անցկացրել է մոտ 3000 գմ ջրագիծ։ Ընթացքի մեջ է ցանցի ճյուղավորման և ցայտիչների տեղադրման գործընթացը։ Այգին հատվածաբար սկսում է կանաչել։ Տնկվել է 800 ծառ, 45 կազակական գիհի, հատվել՝ 30 չոր ծառ ու էտվել 170 ծառ։

Վերածննդի այգուց մի քիչ վերև Տիգրան Մեծի այգին է։ Այս այգին, նախորդի համեմատ, բարվոք վիճակում է եղել։ ՀՈԱԿ–ը հիմնականում իրականացրել է խնամքի աշխատանքներ։ Տնկվել է 40 վարդի թուփ, 1 արևելյան սոսի, 1 չինական վիստերիա։

Թումանյանի այգում ոռոգման ցանց դեռևս չկա։ Անհրաժեշտ է ճանապարհը տեղ–տեղ քանդել ու 150 գմ ջրագիծ անցկացնել։ Սա ՀՈԱԿ–ի առաջիկա ծրագրերի մեջ է, որը նախատեսվում է իրականացնել հաջորդ տարի։ Այգու 2000 քմ–ը ճմապատվել է, տնկվել է 100 թուփ։

Արտյոմ Միկոյան փողոցում Երևանի քաղաքապետարանի ջանքերով տեղադրված խորքային պոմպն ապահովեց Մինսկի փողոցի, Բոռի այգու, Հայորդաց տան այգու, Դավիթ Բեկ փողոցի հարակից երկու պուրակների ոռոգումը։ Այսօր Հայորդաց տան տարածքը սկսել է կանաչել։

Մինսկի փողոցում ՀՈԱԿ–ն արդեն անցկացրել է 170 գմ մետաղական խողովակ, տեղադրել՝ մետաղական փականներ, տնկվել է 3000 ծաղիկ։

Դավիթ Բեկ փողոցն ու հարակից պուրակը մեկ տարի առաջ անջրդի էին, ջրագծի խնդիր կար։ ՀՈԱԿ–ի աշխատակիցների ջանքերով մաքրվեցին գործող ջրագծերի խցանումները և անցկացվեց ևս 40 գմ ջրագիծ, ինչը հնարավորություն տվեց փողոցը զարդարել 9200 ծաղկով։

Վարչական շենքի (թաղապետարան) վարդանոցում տնկվել է 160 վարդ ու զարդարել ամբողջ տարածքը։

Թևոսյան փողոցը լավ վիճակում էր։ Կանաչ գոտիները զարդարվեցին 1100 ծաղկով, 400 հատ ճապկի տնկվեց ու լավ վիճակը դարձավ գերազանց։