«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության ներքո է գտնվում «Էրեբունի» պետական արգելոցը, որը կազմավորվել է 1981 թ. 89 հա տարածքով, այժմ այն 118,75 հա է: «Էրեբունի» պետական արգելոցը ստեղծվել է պահպանելու վայրի ցորենների և այլ հացաբույսերի վայրի տեսակները:

Արգելոցում, բնական պայմաններում, աճում են գիտությանը հայտնի չորս տեսակ վայրի ցորեններից 3-ը, ինչպես նաև նրանց ազգակից վայրի հացահատիկային բույսերը, որոնք աչքի են ընկնում ներտեսակային բազմազանությամբ և դա փաստում է, որ մեր երկիրը հանդիսանում է ցորենի հայրենիքը և քաղաքակրթության բնօրրաններից մեկը: «Էրեբունի՛ պետական արգելոցի ստեղծման համար հիմք են ծառայել դեռևս 1925-28 թթ. ՀՊՀ պրոֆեսոր Մ.Գ. Թումանյանի կատարած ուսումնասիրությունները և նա էլ հայտնաբերել է այդ տարածքը: 1934 թ. Հայաստան այցելած ակադեմիկոս Ն.Ի. Վավիլովը անձամբ տեսնում է վայրի ցորենների այս բուսուտները, այն համարել է համաշխարհային հետաքրքրություն ունեցող տարածք և առաջարկել է առանձնացնել 50-100 հա տարածություն և հատուկ խնամքի տակ պահել, որպեսզի պահպանվի բույսերի զարգացման համաշխարհային նշանակություն ունեցող այս վկայականը: «Էրեբունի» պետական արգելոցում Կարմիր գրքում գրանցված է 15 տեսակ՝ (Ակտինոլեմա խոշորաբաժակ, Շովիցիա գեղապտուղ, Վարդատերեփուկ մուշկային, Տերեփուկ երևանյան,Շադինիա խոշորապտուղ, Ճարճատուկ գեղձավոր, Կանգար վարդագույն, Կաթնուկ Թաղտաջյանի, Գազ խառն, Հիրիկ նրբագեղ, Բթաթեփուկ անքիստ, Սերինոսախոտ տարօրինակ, Ցորեն արարատյան, Ցորեն ուրարտու, Լեպտունիս մազանման), որից 7 հազվագյուտ, 4 անհետացող տեսակների վրա նշագրված է փորձահրապարակներում:

Արգելոցի ստեղծման հիմքում ընկած է այն գաղափարը, որ այստեղ են գտնվում ոչ միայն վայրի ցորենների այդ տեսակները, այլև Կարմիր գրքում գրանցված մի շարք անհետացող, հազվագյուտ բուսատեսակներ, այսինքն այս վայրը նման բուսատեսակների մեկ ամբողջական յուրահատուկ համալիր է:

Ստեղծման օրից այստեղ բազմաթիվ գիտնականների և գիտաշխատողների կողմից կատարվել են ուսումնասիրություններ և հրատարակվել են տասնյակ գիտական հոդվածներ: «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի գիտաշխատողների աշխատանքի արդյունքում հրատարակվել են մոտ 20 գիտական հոդվածներ: Այստեղ իրականցվում է արգելոցային ռեժիմի խիստ պահպանություն: Ամեն տարի կատարվում են հակահրդեհային աշխատանքներ՝ արգելոցի սահմանային հատվածներում և վտանգավոր տեղամասերում ստեղծվում են հանքայնացման շերտեր: Կազմակերպության միջոցների հաշվին 2015 թ-ին կատարվեց արգելոցի տարածքի չափագրում, սահմանների ճշգրտում, քարտեզագրում։ Կազմակերպության ջանքերով, կատարված գիտական ուսումնասիրությունների արդյունքներից ելնելով արգելոցի տարածքը 89 հա-ից դարձել է 118,75 հա: Բեռնել շաբաթաթերթը

Կազմեց՝ Արթուր Խալաթյան
«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ
17.03.2017 թ