Սիրելի երեւանցիներ, ծառերի փոխարինման գործընթացի ժամանակ պարզ դարձավ, որ ձեզ հետաքրքրում են, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվել փոխարինող ծառատեսակները եւ, եթե բնի կտրվածքը համեմատաբար առողջ է, ապա ինչու՞ է ծառը համարվում ծերացած եւ հատման ենթակա։
Թե՛ կանաչապատման, թե՛ անտառապատման մեջ բնականաբար իրականացվում են տնկման աշխատանքներ, որոնց ժամանակ կատարվում է տեսակների ընտրություն։ Այս գործողությունը տարերայնորեն կատարվող պրոցես չէ, այլ՝ գիտական, բազմաթիվ հետազոտությունների, հաճախ՝ վիզուալ դիտարկումների արդյունք։ Հավելեմ, որ առկա են մասնագիտական աղյուսակներ, որտեղ նշված է ծառաթփատեսակների ցանկը՝ տարբեր աճման պայմանների համար։ Երեւանը նույնպես ունի ծառաթփատեսակների հեռանկարային ցանկ, որտեղ նշված են քաղաքում օգտագործվելու համար հեռանկարային տեսակները՝ կախված բնակլիմայական պայմաններից, քաղաքի գոտիականությունից եւ այլն։ Հաշվի առնելով կլիմայի անբարենպաստ փոփոխությունները՝ ցանկից հնարավորինս օգտագործվում են չորության եւ երաշտի նկատմամբ ավելի դիմացկուն տեսակները։
Բացի այս ամենից, ծառատեսակների ընտրության ժամանակ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի մասնագետներն առաջնորդվել են նաեւ վիզուալ դիտարկումների արդյունքներով։ Ընտրված տեսակները՝ հուդայածառ, մետաքսածառ, օճառածառ, սոֆորա, գնդաձեւ սոսի, իրենց կենսաէկոլոգիական հատկանիշներով համապատասխանում են Երեւանի կլիմային, ավելին՝ այդ բոլոր ծառերը տարիներով աճել են մայրաքաղաքում՝ ցուցաբերելով գերազանց աճ։ Ի դեպ, բոլոր նշված տեսակները, բացի իրենց հիմնական գործառույթներից՝ թթվածնով ապահովում, ածխաթթվի կլանում, ստվերի ապահովում եւ այլ կենսաբանական ֆունկցիաներ կատարելուց զատ արտակարգ դեկորատիվ են եւ վեգետացիայի տարբեր ժամանակահատվածներում երկարատեւ ծաղկում են։
Հարգելի քաղաքացիներ, դեկորատիվ ծառ չի նշանակում միայն զարդարանք․ այն օժտված է նաեւ ծառերին բնորոշ բոլոր ֆունկցիաներով։
Պարզաբանում, թե Ալեք Մանուկյան փողոցի մայթեզրին ինչու՞ է տնկվել մետաքսածառը, ներսի շարքում՝ օճառածառը։ Մետաքսածառը շատ լուսասեր է, սիրում է աճել համեմատաբար ազատ տարածքում, որպեսզի ամբողջ տերեւային զանգվածը հնարավորություն ստանա կլանել բավարար քանակի լույս։ Ուստի առաջին շարքում այս ծառը տնկելն ավելի հարմար է։
Այսպիսով, ընտրված ծառերից բոլորը լուսասեր են, դիմանում են շոգին, ժամանակավոր երաշտին, միաժամանակ ցրտադիմացկուն են, պահանջկոտ չեն հողի նկատմամբ։
Քանի որ շատ է գրվում, թե հատված ծառերի շարքում եղել են ծառեր, որոնք առաջին հայացքից ունեին առողջ բնափայտ, ապա հարկ եմ համարում հայտնել, որ նախ՝ բնափայտի առողջ լինելն անզեն աչքով որոշելը կոռեկտ չէ, եւ ծառը առողջ եւ կենսունակ համարվելու համար պետք է նախ՝ համապատասխանի հետեւյալ չափորոշիչներին՝ տեսակին բնորոշ, առողջ արմատային համակարգ, առողջ բուն՝ առանց ուռուցքների, փչակների, տձեւության, տեսակին բնորոշ սաղարթ, որը չպետք է լինի ծռմռված կամ դրոշականման, սաղարթը պետք է ունենա առողջ տերեւային զանգված եւ բարվոք սանիտարական վիճակ։ Ավելին՝ հատվող ծառերը գերհասուն են։ Դրանք սովորաբար չեն կարող համապատասխանել նշված հատկանիշներին, կորցնում են իրենց արտաքին տեսքը, իմունիտետը՝ արդյունքում վարակվելով վնասատուներով եւ այլ հարուցիչներով՝ երիտասարդ ծառերի համար դառնում են վարակի աղբյուր եւ վթարավտանգ՝ քաղաքացիների համար։ Նշեմ նաեւ, որ ծառերի փոխարինումն իրականացվել է տարբեր վարչական շրջաններում, որպեսզի քաղաքի նույն հատվածից չհեռացվեն մեծ զանգվածով ծառեր եւ չստեղծվի բնապահպանական լարվածություն։
Կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ՝ Հ․ Խուրշուդյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

eleven − 1 =