«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենին կից գիտատեխնիկական խորհրդի կողմից հաստատված ցուցակի համաձայն՝ Երևանի փողոցային տնկարկներում սկսվել է փուլ առ փուլ իրականացվել կենսունակության ավարտին մոտ, սնկային հիվանդություններով և վնասակար միջատներով վարակված, գեղազարդությունը կորցրած ծառերի, մասնավորապես՝ մանրատերև թեղիների՝ նոր խոշորածավալ բարձր գեղազարդ ծառերով փոխարինման աշխատանքներ:
1. Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյանց պողոտայի Գարեգին Նժդեհի հրապարակից մինչև Արտաշիսյան փողոցի հատվածում, 76 մանրատերև թեղիները փոխարինվել և դատարկ բնաբաժակները լրացվել են 15-20մ բարձրության, խոշոր սաղարթով, փետրանման կանաչավուն տերևներով, դեղնասպիտակավուն, շուրջ 3 ամիս տևողությամբ ծաղկող, հուլունքանման, թափանցիկ, փայլուն պտուղներ ունեցող 86 ճապոնական սոֆորաներով:
2. Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոցի Սարյան փողոցից մինչև Աբովյան փողոց հատվածում շորջ 160 մանրատերև թեղիները փոխարինվել են 6-15մ բարձրության, 7-10մ լայնության վրանաձև սաղարթով, 5-8սմ մեծության ամբողջական, կլորավուն, կաշվենման կանաչ տերևներով, վարդամանուշակագույն, 30-35 օր առատ ծաղկող գեղազարդ 160 եվրոպական հուդայածառերով: Հարկ է նշել, որ կատարվելու են լրացումներ այն սիզամարգերում, որոնք երկար ժամանակ վերածվել էին ավտոկայանատեղիների, այդ հատվածները կրկին կկանաչեն:
3. Կենտրոն վարչական շրջանի Ալեք Մանուկյան փողոցի Սայաթ Նովա պողոտայից մինչև Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշեքի դիմացի հատվածում շուրջ 70 մանրատերև թեղիները փոխարինվել են փողոցին կից շարքում 7-8մ բարձրության, լայն հովանոցանման սաղարթով, չափազանց գեղեցիկ փետրաձև բաց կանաչավուն տերևներով և կարմրադեղնավարդագույն ծաղկներ ունեցող, 3 ամիս ծակող շուրջ 45 մետաքսածառերով (Ալբիցիա), իսկ 2-րդ շարքում՝ 6-7մ բարձրության կլորաօվալաձև սաղարթով, փետրանման, կտրտված եզրերով կանաչավուն տերևներով, սպիտակադեղնավուն հուրանաձև ծաղկաբույլերով, փուչիկանման պտուղներ ունեցող շուրջ 45 հուրանավոր կելրեյթերիաներով:
Սիրելի երևանցինե՛ր «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի տնօրինությունն ու մասնագիտական խումբն ամեն ինչ անում են, որպեսզի Երևանը լինի կանաչ, գեղեցիկ և հարմարավետ, որի վառ ապացույցն են ներքաղաքային կանաչ տնկարկներում ավելի քան 40կմ ոռոգման համակարգի անցկացումը, շուրջ 35 հեկտար քաղաքային անտառների հիմնադրումը, գեղազարդությունը կորցրած, ինվազիվ ծառերի փոխարինումը գեղազարդ ավելի ֆունկցիոնալ ծառատեսակներով, ծաղկանոցների, գեղազարդ կոմպոզիցիաների ստեղծումը, կանաչ ֆոնդի քարտեզագրման և թվայնացման աշխատանքները և այլն:
Հարգելի երևանցինե՛ր, մի տրվեք տարբեր նկատառումներով կանաչապատման գործընթացներին խոչընդոտող, մանիպուլացնող կեղծ «մասնագետների» մեկնաբանություններին:
«ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ,
կենսաբանական գիտությունների թեկնածու,
դոցենտ, ՀԱԱՀ դասախոս, կանաչապատման ոլորտի
4 գրքերի, շուրջ 50 գիտական հոդվածների հեղինակ՝ Արծվի Գրիգորյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

fourteen + 9 =