Սիրելի երեւանցիներ, մայրաքաղաքը մինչեւ 19-րդ դարի սկիզբը, ըստ մի շարք պատմաբանների, եղել է գավառական, փոշոտ քաղաք։ Միայն 30- ականներից սկսած, երբ սկսվել է Երեւանի ինտենսիվ կառուցապատումը, զուգահեռ իրականացվել են նաեւ կանաչապատման աշխատանքներ։ Քանի որ քաղաքը եղել է փոքր (հիմնականում այժմյան Կենտրոնի հատվածը), ուստի քաղաքի ամենածեր ծառերը Մաշտոց, Պուշկին, Թումանյան եւ որոշ այլ փողոցներում են։

Այս տնկարկները ստեղծվել են մաս-մաս՝ ամեն մի նոր կառուցապատվող շենքի դիմաց, ինչի արդյունքում հաճախ եղել են տարատեսակ եւ տարահասակ։ Այդ պատճառով Կենտրոնում ծառերի հիմնական զանգվածը ամենաուշը ստեղծվել է 40-50-ականներին։ Ի դեպ, նախապատերազմյան եւ հետպատերազմյան տարիներին Երեւանի կանաչապատման ֆոնդը եղել է շատ սուղ, հնարավոր չի եղել ձեռք բերել դեկորատիվ եւ կանաչապատման առումով աչքի ընկնող ծառեր։ Մեծ դժվարությամբ ապահովվել է Մաշտոցի պողոտայի սոսիների քանակը (մոտավորապես 1935թ-ը)։ Թեղիները քաղաքային տնկարկներում տնկվել են այդ տարիներին՝ ավելի բարձրարժեք ծառեր չունենալու պատճառով։ Թեղիները, որ այդ տարիներին ձեռք են բերվել անտառտնտեսություններից, այնքան էլ հարմար չեն եղել քաղաքի կանաչապատման համար, քանի որ դիմացկուն եւ երկարակյաց տեսակ չեն, բացարձակ կայունություն չունեն հիվանդությունների եւ վնասատուների նկատմամբ, վատ են դիմանում քաղաքային պայմաններում։ Ըստ էության, այդ ծառերը տնկվել են՝ հետագայում փոխարինելու նպատակով, ինչը տարբեր պատճառներով ձգձգվել է առայսօր։

Հատվող եւ հատված ծառերի ճնշող մեծամասնությունը բնափայտում ունեցել է արատներ, ծռմռված, տձեւ բներ, որոնք, ըստ էության, արդեն  վթարավտանգ են, քանի որ կորցրել են հավասարակշռությունը։ Ավելին, ծառն առաջին հայացքից կարող է թվալ առողջ բնափայտով, սակայն նման ծառերի մոտ վնասված է տերեւային զանգվածը, որը հիվանդության պատճառով քլորոֆիլազրկվել է եւ, բնականաբար, գրեթե չի կատարում ֆոտոսինթեզ, չի արտանետում թթվածին, անգամ սաղարթային զանգվածի  տակ ստվեր գրեթե չի ապահովում։ Քանի որ նշվեցին այդ ծառերի տնկման տարեթվերը, ուստի էլեմենտար հաշվարկ է, թե դրանք քանի տարեկան են։ Հետևաբար՝ անհնար է ծերացած, հիվանդ օրգանիզմը էտելով կամ այլ միջոցառումներով նորից երիտասարդացնել, հատկապես, եթե ամբողջ թեղիների զանգվածը հիվանդ է, ունի սանիտարական լուրջ խնդիրներ։  Հաճախակի բուժման աշխատանքներն էլ չօգնելով ծառին՝ մեծ վնաս են հասցնում քաղաքի բնակիչներին, քանի որ դեղամիջոցները տոքսիկ են եւ մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում ազդում են մարդկանց առողջության վրա։

Հաճախ հարցադրում է հնչում օգտակար եւ ոչ օգտակար ծառերի վերաբերյալ։ Սիրելի երեւանցիներ, հայտնում ենք, որ ոչ օգտակար ծառեր գոյություն չունեն․ եթե բույսի մեջ առկա է կանաչը, ապա այդ օրգանիզմը արտանետում  է թթվածին։

Այսպիսով, թեղիները, ցավոք, ապրել են իրենց հատկացված ժամանակահատվածը,  դեռ ավելին՝ հիվանդ են, ունեն վնասված, թեք, տձեւ սաղարթ, վնասված բնափայտ, եւ ժամանակն է դրանք փոխարինելու։ Ինչ վերաբերում է ծառերի չափսերին, ապա հնարավորինս ընտրվել են մեծերը,  եւ ինչպես բոլոր կենդանի օրգանիզմները՝ դրանք եւս ժամանակի ընթացքում կմեծանան։

Հետեւեք մեր գրառումներին, որտեղ կներկայացվեն ծառերի էկոլոգիական առանձնահատկությունները։

Կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ՝  Հ․ Խուրշուդյան

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

1 × 3 =