Ծանոթացեք, Վարդան Աճեմյանի սանն է եղել, Բաբկեն Ներսիսյանի շախմատի խաղընկերը, խաղացել է Ոստանիկ․․․․ հիմա «ԿՇՄՊ» ՀՈԱԿ–ի այգեպաններից է։
Պատմում է, որ ծնվել է Երևանում ու փոքրուց սիրել հողի հետ աշխատանքը։ Ականջին հասնում էին, որ գյուղից շատերը չեն սիրում հողագործությունը։ Զարմանում էր։ Ծնողները Խաչիկ գյուղից էին։ Ինքն էլ Խաչիկում հաճախ էր ձկնորսություն անում։ Փոքր ժամանակ է գյուղում եղել, մեկ էլ 1990–ականներին, երբ պետք է ներկայացում խաղային, բայց տոմսերը չվաճառվեցին ու ներկայացումը չկայացավ․․․․
Էլ Խաչիկ չգնաց։ Ոչ էլ խաղացանկը թարմացվեց։ Հետո այլ աշխատանքների անցավ, մինչև նախորդ տարի Աշոտն ընդունվեց ՀՈԱԿ։ Ամեն վայրկյան հիշում է իր ուսանողական տարիները։ Սկզբում Վարդան Աճեմյանի կուրսում է սովորել։
– Վարդան Աճեմյանը բացառիկ դերասան էր, բայց նրան Հայաստանում չգնահատեցին։ Իմ աչքով եմ տեսել։ Ես դուրս էի գալիս կուլիսներից, Աճեմյանը գալիս էր ինձ ընդառաջ։ Կողքովս հանդիսաստեսի միջից մի անծանոթ մարդ անցավ ու գնաց դեպի Աճեմյանը։ Մի վայրկյան նրանք իրար հանդիպեցին։ Աճեմյանը միանգամից ընդօրինակեց այդ մարդուն։ Իմ առաջ հենց այդ մարդը հայտնվեց, դա էլ Աճեմյանը չէր։ Վայրկյանական դարձավ էդ մարդը։ Չհասկացա էլ՝ ինչպես։
Պատմում է, որ բոլոր դերասանները Համլետի մասին են երազում։ Համլետը դերասանի ավետարանն է։
– Հիշում եմ ներկայացումը, որտեղ Ոստանիկ էի խաղում։ Վահագն Դավթյանի «Մհերի դուռը» պոետական ներկայացումն էր։ Ոստանիկը Գուրգեն Մահարիի կերպարն էր։ Բաբկեն Ներսիսյանն էլ հրամանատարն էր։ Վարդուհի Վարդերեսյանն էր խաղում, Հովհաննես Աբաջյանը․․․․ հրաշք օրեր էին, հրաշք մարդիկ։ Իսկ Բաբկեն Ներսիսյանը, հենց որ լսում էր՝ թատրոնում եմ, միանգամից կանչում էր, որ շախմատ խաղայինք։
Աշոտին դերասան Արմեն Մարությանի ու «Գտնված երազ» մուլտֆիլմի նկարիչ Հովհաննես Դիլլաքյանի հետ տարան բանակ։ Միասին ծառայեցին։ Վերադարձավ ու հանդիպեց Աճեմյանի ստուդիայի սառը ժամանակներին։
– Մի անգամ էլ աչքիս առաջ Աճեմյանն ինֆարկտ տարավ։ Լուրջ։ Մի օր, սկսնակ ու Աճեմյանով աճեցված մի դերասան, անունը չեմ տա, ժողովի ժամանակ նրան ասաց․«դուք պե՞տք ա մեզ ասեք՝ ինչ անենք»։ Աճեմյանն աչքիս առաջ մահացավ էդ պահին։ Հետո, երբ իսկապես մահացավ, սիրտը բացելուց ասել էին, որ 12 ինֆակտ էր տարել։ Մեկը դա պիտի լիներ․․․․
Աշոտը բեմում էր մինչև 1998 թվականը։ Հետո թողեց դերասանի կարիերան ու հերթը վերջապես հասավ բնությանը։ Դա էլ Աշոտի մանկության երազանքն էր։ Այսօր հենց Փափազյանի, Աճեմյանի, ու Ֆրունզե Մկրտչյանի կողքին է աշխատում։
Մեր քաղաքի ամեն ծառ ու թուփ մի փիլիսոփայի ձեռքով է խնամվում, հոգատար լինենք։