Սարալանջում նախատեսվում է տնկել մոտ 3000 ծառ ու թուփ:

Օգոստոսի երկրորդ կեսից կսկսվեն ծառերի ու թփերի փոսերի փորման աշխատանքները, իսկ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին կիրականացվի նախատեսված ծառատունկի զգալի մասը:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արա Աղայանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր գործնական քննարկում «Հաղթանակ» զբոսայգու Սարալանջի՝ 9 հա և Ծիծեռնակաբերդի անտառպուրակի 8.5 հա տարածքների առաջիկա կանաչապատման խնդիրների, իրականացման մեխանիզմների վերաբերյալ։ Քննարկմանը հրավիրված էին բուսաբանության, ագրոնոմիկայի, բնակավայրերի կանաչապատման ոլորտի մասնագետները։

ՀՈԱԿ-ի հյուրերն էին ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ժիրայր Վարդանյանը, նույն ինստիտուտի գիտաշխատողներ կենսաբանական գիտությունների թեկնածուներ Նելլի Մուրադյանը և Մանիկ Գրիգորյանը, ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան և ՀՈԱԿ-ի փորձագետ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանը, ՀՈԱԿ-ի առաջատար մասնագետները:

Երևանի համար բնապահպանական չափազանց մեծ դեր ունեցող կանաչ տնկարկներում կարևորվում է գրագետ կանաչապատումը՝ ծառաթփատեսակների ճիշտ ընտրությունը և դրանց տնկման արդյունավետ ագրոտեխնիկան:

1990-ական թվականների սոցիալ-տնտեսական ճգնաժամի, մեծածավալ ծառահատումների պատճառով, ոռոգման ջրի և խնամքի բացակայության պայմաններում այս տնկարկների զգալի մասը վերացել է և վերածվել հրդեհավտանգ տարածքների։

Որոշվեց նշված տարածքներում տնկել չորադիմացկուն, հիմնականում մշտադալար, տարատեսակ հիվանդությունների հանդեպ կայուն ծառերի ու թփերի այնպիսի տեսակներ, որոնք նշված բնակլիմայական պայմաններում կլինեն առավել երկարակյաց և կստեղծեն գեղագիտական համայնապատկեր։

Մասնագետները եզրահանգեցին նաև, որ նշված հողատարածքներում՝ հատկապես Սարալանջում, պետք է իրականացնել ծառատունկ ոչ թե ըստ կանաչապատման նախագծի, այլ հաշվի առնելով հողային շերտի փաստացի վիճակը և ռելիեֆի, գրունտի առանձնահատկությունները։ Իսկ Ծիծեռնակաբերդում ծառերի համար փոսերը հիմնականում կփորվեն մեքենայացված եղանակով հոկտեմբերին՝ համաձայն կանաչապատման նախագծի։ Հարցերը շատ էին, քննարկումը՝ հագեցած։ Մասնագիտական հանդիպումները կլինեն շարունակական։

ՀՈԱԿ-ը որդեգրել է այնպիսի քաղաքականություն, որ նման մեծ և քաղաքի համար կարևոր նախագծերը պետք է իրականացվեն հիմնվելով գիտական փորձի և ոլորտի լավագույն մասնագետների բազմակողմանի կարծիքները հաշվի առնելով: