Վիլյամ Սարոյանի անվան թիվ 138 հիմնական դպրոցում 6_րդ դասարանցիները նոր տերմիններ էին սովորում՝ «աղբի տեսակավորում», «շրջանաձև տնտեսություն», «սոցիալական պատասխանատվության բաղադրիչ» և այլն։
«Աշխարհն առանց թափոնների» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հերթական դասընթացը։ Դպրոցականների համար դասընթացն անցկացրին «ԿՇՄՊ» ՀՈԱԿ–ի թափոնների տեսակավորման վարչության, «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ի, և «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության մասնագետները։
Մինչև այս երեխաները շրջակա միջավայրի մասին ունեին իրենց պատկերացումները։ Երբեմն սխալ։ Այսօր իմացան, որ պլաստիկը նավթից է ստացվում, թղթի թափոնի մեկ մեքենան 10 ծառ է փրկում, ինչ հետևանքներ ունի գլոբալ տաքացումը։
«ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի թափոնների տեսակավորման վարչության պետ Արմեն Շեխոյանի խոսքով մարդիկ սկսել են ավելի ակտիվ տեսակավորել թափոնները։ Հատկապես թուղթը։ Բայց իրազեկման ակցիաները դադարեցնել պետք չէ, այն միայն դրական արդյունք է տալիս։
«Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ն էլ ներկայացնում է իր ակնկալիքները․
– Առաջին ակնկալիքը, որ աշակերտները փոխեն իրենց վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ, կարևորեն շրջանաձև տնտեսության դերը։ Աշխարհը գնում է տնտեսությունների զարգացման շրջանաձև տարբերակին։ Մեր դասընթացի կազմակերպման հիմնական մեխն այն է, որ բացատրենք դրա կարևորությունը։ Ով ուզում է դառնան, որտեղ էլ աշխատեն, չպետք է մոռանան սոցիալական պատասխանատվության բաղադրիրչի մասին։
«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության մասնագետների համար նման դասընթացը նորություն չէ։ Բնությունը թափոններից պաշտպանելու այս եղանակն ընդունված է արտասահմանում։ Սոցիալական պատասխանատվության բաղադրիչի մասին պետք է իմանալ մանկուց։
– Երեխաները ոչ միայն հասկանում են, որ շատ իրեր կարող են ունենալ երկրորդ կյանք, այլև հետևողական են լինում, որ ընտանիքի անդամները տեսակավորման հարցում սխալներ չանեն։ Այս արժեշղթան պետք է սերմանել մանկուց։ Մենք դա ենք անում։
Հանրակրթական 50 դպրոցում «Աշխարհն առանց թափոնների» ծրագրի շրջանակում արդեն տեղադրվել էին թղթի և պլաստիկի թափոնամաններ։ Ավելի շատ թափոն կուտակելու համար կազմակերպիչները խրախուսական միջոց են գտել։ Մրցույթ է հայտարարվել։ Մրցույթում հաղթող կճանաչվի այն դպրոցը, որը մեկ շնչի հաշվով ավելի շատ թափոն կկուտակի։ Արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 15-ին։