Premier Foods ընկերությունն իր հիմնադրման 10 ամյակի առիթով որոշեց, որ ոչ թե նվեր պետք է ստանա, այլ նվիրի։
Կազմակերպության աշխատակիցներն այսօր ՄՀՀ լանջ էին եկել ամբողջ կազմով ու իրենց հետ բերել սոճիներ, սոսիներ, դրախտածառեր ու նշենիներ։
«ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը՝ դիմավորելով հյուրերին, նախ կարճ ներկայացրեց տնկման կանոնները, պատմեց տարածքի կանաչապատման առանձնահատկությունների մասին։
Այգեպան-բանվորներն արդեն նախօրոք տարածքը պատրաստել էին, փոսերը հատուկ տեխնիկայով փորել ու լցրել հողախառնուրդով։
Հյուրերը մեր մասնագետների հետ թիմերի բաժանվեցին ու անցան գործի։ Ծառատունկին ներկա էին նաև Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գրիգոր Նազարյանն ու «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Արշակ Սեյրանյանը։
Ծառերը տնկված են, նվիրատուներն էլ՝ հանգիստ, որ բույսերն անհրաժեշտ խնամք կստանան։