Կորյուր-Չարենց փողոցների այս հատվածում 254 թուփ կտնկվի։
Ընտրվել են չորադիմացկուն և դեկորատիվ բարձր արժեք ունեցող բուսատեսակներ՝ սզնի, կծոխուր (բարբարիս) և բուդդլեա (ամառային յասաման)։
Այս հատվածի հողային շերտը ծառ տնկելու հնարավորություն չի տալիս, այդ պատճառով մասնագետները որոշել են տարածքը գեղազարդել տարբեր բարձրություն ունեցող թփերով։
Ընտրված թփատեսակները տարին 12 ամիս քաղաքը կներկեն վառ գույներով։ Օրինակ, կծոխուրն ունի կարմիր տերևներ, ծաղկման շրջանում դեղնում է, իսկ կրակագույն պտուղները թփից կախված մնում են նույնիսկ ձմռանը։
Այդ թփերի ընտրությամբ հոգ կտանենք նաև կենդանիների մասին․ սզնիի պտուղները թռչունների համար համեղ սնունդ են, իսկ բուդդլեայի նեկտարը շատ գրավիչ է թիթեռների համար։
Մասնագետները նախապես գծագրում են՝ որտեղ ինչ բույս պետք է տնկվի և ինչ տրամաբանությամբ։
ՀՈԱԿ-ի զարգացման գծով փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանն ասում է․
«Մեր գծագրած ու պատկերացրած արդյունքը տեսնելու համար, իհարկե, երկար է պետք սպասել։ Առհասարակ, կանաչապատում իրականացնելիս ակնթարթային արդյունքի սպասել պետք չէ։ Կանաչապատումն իրականացվում է ապագայի համար։ Ամեն դեպքում վաղվանից այս տարածքը կդառնա ավելի կոկիկ, հետաքրքիր բույսերով ու գունային բազմազանությամբ կուրախացնի երևանցիներին»։
Ի դեպ, ուղղաձիգ կանաչապատման սկզբունքով կգեղազարդվի նաև բետոնե պատը։ Այդ առաքելությունը կիրականացնի բաղեղ թփատեսակը, որը տերևաթափ չի լինում և փողոցի երթևեկելի մասը չի աղտոտի։