Քարտեզագրման աշխատանքներն իրականացնում է ՀՈԱԿ-ի ՏՏ, մոնիթորինգի և քարտեզագրման վարչությունը:
Քարտեզագրման աշխատանքների ընթացքում որոշվում են կանաչ գոտիների մակերեսները, տեղադիրքը, տարածքի ռելիեֆը, առկա ծառերի, թփերի, ծաղկային ձևավորումների քանակն ու բնութագրերը։
Աշխատանքային խմբերը ճշգրիտ նշում են` քաղաքի որ կետում է գտնվում բույսը, երբ է տնկվել, ինչ բարձրություն և տրամագիծ ունի։ Սա հնարավորություն է նաև տեղեկություն ստանալու բույսերի առողջական վիճակի մասին: Այս պահին արդեն հավաքագրվել է 2500-ից ավելի ծառերի ու թփերի տվյալ։
Վարչության դաշտային խումբն աշխատում է նոր սերնդի տեխնոլոգիաներով՝ Էլետրոնային տախոմետրով, GNSS ռովեր կայանով և լազերային հեռաչափերով: Ռովեր կայանի միջոցով ստացվում են արբանյակային ազդանշաններ, որոնք թույլ են տալիս ճշգրիտ որոշել բույսերի կոորդինատները:
Քարտեզագրման գործընթացը սկսվել է սեպտեմբեր ամսից: Արդեն չափագրվել է 23 հա տարածք:
Աշխատանքներն իրականացվել են Սարյան պուրակում, Ծիծեռնակաբերդի այգում և Աբովյան պուրակում: Առաջնահերթությունը տրվում է բարեկարգվող այգիներին և վարչական շրջանների կենտրոնական փողոցներին:
Քաղաքում ոռոգման ջրի համակարգի բարելավման նպատակով չափագրվում և մոնիթորինգի են ենթարկվում նաև ոռոգման խողովակները:
Աշխատանքը ձմռանը կանգ չի առնի:
Մոտ ապագայում քաղաքային կանաչ կադաստրը հասանելի կլինի նաև օնլայն տիրույթում: Հավելվածի միջոցով յուրաքանչյուր ոք կկարողանա տեղեկություն գտնել իրեն հետաքրքրող բույսի մասին: