Ծառերի, թփերի և ծաղիկների գնման գործընթացին մասնակցել է 16 մատակարար՝ բացառապես ՀՀ-ում գրանցված տնտեսվարողներ:
Ոլորտի տնտեսվարողներն արդեն ծանոթ էին նախորդ տարի իրականացված գնումների գործընթացին և ՀՈԱԿ-ի թելադրած նոր կանոններին՝ մրցույթն իրականացվում է թափանցիկ ու արդյունավետ։ 2020 թ․ փորձով էլ պայմանավորված էր այս տարվա մասնակիցների մեծ թիվը։

Նպատակ է դրվել նաև աշխատել ՀՀ-ում գրանցված տնտեսվարողների հետ, որպեսզի գումարը մնա պետության ներսում, իսկ տեղացի գյուղատնտեսը մոտիվացված լինի ստեղծելու որակյալ տնկանյութ: Չափորոշիչները հստակ են, պահանջները՝ խիստ:

Ձեռք բերվող բույսերի գների համար տեղի ունեցավ միաժամանակյա բանակցություն բոլոր մատակարարների մասնակցությամբ:
ՀՈԱԿ-ի ֆինանսական գծով փոխտնօրեն Գևորգ Կարապետյանը վստահեցնում է, որ ՀՈԱԿ-ի կարիքների համար ձեռք բերվող ապրանքների բնութագրերը մասնագետներն այնպես են մշակել և հրապարակել, որ ՀՈԱԿ-ն ունենա ընտրության լայն հնարավորություն, իսկ մրցույթին մասնակցած տնտեսվարողները մատակարարեն հնարավորինս բարձրորակ ապրանք։
«ՀՈԱԿ-ի տնօրինության համար կարևոր է նաև ապրանքի գինը։ Ապրանքի գնի մրցակցությունը մենք ապահովում ենք թափանցիկ գնումների գործընթաց կազմակերպելով, ինչը տեղի ունեցավ նաև ծառերի և թփերի գնման գործընթացի ժամանակ։
Յուրաքանչյուր ապրանքի գնի համար ծավալվեց բուռն քննարկում, արդյունքում ձևավորվեց ձեռք բերվող ապրանքի ամենացածր գինը»։

ՀՈԱԿ-ի զարգացման գծով փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանն ասում է՝
«Գնումն իրականացնելիս հաշվի է առնվում գնվող բույսի բարձրությունը, արմատային համակարգի վիճակը, նույնիսկ կմախքային ճյուղերի քանակը: Գնվել են քաղաքային միջավայրին հարմարված առողջ ծառաթփատեսակներ:
Նախապատվությունը տրվում է բազմամյա բույսերին ու թփերին: Ի տարբերություն միամյաների՝ դրանք ամեն տարի գնելու և տնկելու կարիք չի լինի: ՀՈԱԿ-ը ձեռք կբերի 98 բուսատեսակ:
Ձեռքբերված բույսերի ¼ մասը կազմում են մշտադալար ծառաթփատեսակները, Երևան քաղաքում դրանք առայժմ սակավ են։ Ձմռանը քաղաքը մնում է առանց օդի ֆիլտրման: Շուտով երիտասարդ մշտադալարներն այդ խնդիրը կլուծեն:
Գարնանային ծառատունկի ժամանակ քաղաքում կշատանան նաև թփերը: Դրանք իրենց բազմերանգ գույներով քաղաքը կդարձնեն մշտապես ծաղկող, բազմաշերտ այգի: