Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում կանաչ գոտիների ստեղծման աշխատանքների եռուզեռ է։ Տեղում է նաև ՀՈԱԿ-ի Արաբկիր ստորաբաժանման դենդրոլոգը՝ Մելսիկ Գալստյանը։ Մի ձեռքով ծառ է տնկում, մյուսով` բարձրաձայն խորհում բնության ու մարդու կապի մասին։
«Ծառն էլ, մարդն էլ Աստծո տվածն են։ Երկուսն էլ նույն կյանքով են ապրում։ Ծառն արարում է թթվածին, մարդն արարում է նոր կյանք։ Հարգանքով մոտենանք ծառերին էլի….», -ասում է։
1999 թ-ից դենդրոլոգն աշխատում է Արաբկիր վարչական շրջանում։ Նրա աչքի առաջ նոր թաղամասեր են կառուցվել, նրա ձեռքով նոր բակեր են կառուցվել, այգիներ տնկվել։ Հիմա էլ գործը ՀՈԱԿ-ում է շարունակում։ Զրույցը շարունակում ենք կեսդարյա ծառերի տակ կանգնած։
Այստեղ 1953 թվականից մոտ 800 ծառ կա՝ բարդի, հացենի, թխկի…. Նրանց հարևանությամբ այսօր տնկվեցին մի քանի տասնյակ նոր ծառեր՝ փշատերև սոճի, փշատենի, բազմաթիվ ծաղկող թփեր։
Այգին օրեր առաջ է բնական ցանկապատվել՝ ճապկի տեսակի թփով, մոտ 400 գծամետր։ Ոռոգման ցանցն իր ջրամբարով արդեն կառուցվել է, ջրի հարցը լուծված է։
Այգու մոտակայքում ապրում է և կանաչ գոտուց օգտվում մոտ 10 000 բնակիչ։ Ամեն ինչ արված է, որ բնակչի աչքին հաճելի լինի։ Տերևի գույնից սկսած, մինչև ծաղկման ժամանակահատվածը հաշվի է առնված», -այս փաստի վրա ուշադրություն է հրավիրում դենդրոլոգը։ Պատմում է ու շարունակում գործը․
«Աշնանն այս ծառերն արդեն 10-15սմ-ով կմեծանան։ 2 տարի հետո, դրանք մոտ 1.5 մ կդառնան։ Շուտով մենք հարստացված պարարտանյութով կսնուցենք ծառերն ու կսկսենք երեխայի պես պահել, որ լավ «աշխատեն»։ Մեր քաղաքացիները բնություն սիրում են, բայց միայն վայելելու համար։ Իսկ խնամքի մասին ոչ էլ մտածում են։ Էն քրտինքը, որ այսօր թափվում է կանաչ գոտի ստեղծելու համար, եթե բնակիչները տեսնեն, երևի երբեք չվնասեն այգու «բնակիչներին»։ Բայց չէ, կոտրում են, հանում, պոկում, տանում… ափսոս է։ Կոմունիստների ժամանակ գոնե գիշերային հերթապահություն կար, հիմա չկա, էդքանին ո՞նց հսկենք…. Մենք առանց այն էլ անապատացման գոտիների վրա ենք, ոնց մարդկանց ենք փայփայում, նույն ձևով պետք է ծառերը փրկենք, որ թթվածինն էլ մարդուն պահի…Այո, երեխան պետք է ձեռք տա, բայց ձեռք տալուն էլ ձև կա, մայրն ու հայրը պետք է օգնեն նրան հասկանալ, որ դա գանձ է»,- ասում է Մելսիկ Գալստյանը։
Ի դեպ, հարցին՝ արդյոք փոշոտման ժամանակ այս բույսերը առաջացնում են ալերգիկ ֆոն, դենդրոլոգը պատասխանեց՝ բացառվում է։ Այգում եղած ծառերը՝ լորենին, թխկին, արոսենին, մեր ֆլորայի լավագույն նմուշներն են։ Այսօրվա տնկածները ևս նման խնդիր չեն առաջացնի։ Հենց դրանով է տարբերվում ծառերի ընտրության գրագետ մոտեցումը։